24.11.2024
Փաշինյանի մոտ քննարկվել է Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը
prev Նախորդ նորություն

Պրոֆեսիոնալ բանակին անցումը արդեն սկսվել է. Պապիկյան

Զինված ուժերում բարեփոխումների նպատակներից մեկը պրոֆեսիոնալ բանակին անցնելն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:


Նրա խոսքով՝ անցումը պրոֆեսիոնալ բանակին արդեն սկսվել է, առաջիկայում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:


Նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է "զրոյից" պայմանագրային զինծառայողների հավաքագրում, ըստ նախարարի, պրոֆեսիոնալ ծառայությունը "օրգանապես կապված" է լինելու ժամկետային ծառայության հետ: Գործող պայմանագրային զինծառայողների համար կստեղծվի ատեստավորման հնարավորություն:


Նա նշել է, որ այս տարվա աշնանից զորակոչիկները կանցնեն ուսուցման պարտադիր փուլ, որից հետո միայն նրանց կուղարկեն զորամասեր:


Ուշադրություն է դարձվելու նաև երիտասարդ սպաներին բնակարաններով ապահովելու խնդրին: Նրանք բնակարաններ կստանան ռազմական ուղղվածության բուհն ավարտելուց հետո, իսկ 20 տարի ծառայելուց հետո կդառնան լիարժեք սեփականատեր:


Պապիկյանը նաեւ տեղեկացրել է, որ նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ ՀՀ պաշտպանության նախարարությունում. կստեղծվի նոր մոդել, որի շրջանակներում Գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Եվ այդ կառուցվածքային փոփոխություններից հետո կնշանակվի գլխավոր շտաբի նոր ղեկավարը։


Բացի այդ, բարեփոխումներ են նախատեսվում ռազմաուսումնական հաստատություններում՝ ռազմական համալսարանում։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կվերակազմավորվի ռազմական ակադեմիայի։


Նրա կազմում կլինեն 2 ինստիտուտ՝ ռազմա-ավիացիոն ինստիտուտ եւ համազորային ինստիտուտ։ Կստեղծվի նաեւ առանձին ֆակուլտետ, որը կզբաղվի սպաների պրոֆեսիոնալիզմի բարձրացմամբ: