Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործ է հարուցվել. կան ձերբակալվածներ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի ծառայողական զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, 2022թ. հունիսի 3-ին ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում, վարչական իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որից հետո պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում:
Ոստիկանները, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել են վերջինիս սթափության վիճակի ստուգման գործընթաց, ինչը նկատել են հիշյալ ավտոմեքենայի վարորդի համագյուղացիները և խոչընդոտել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններին. վիճաբանել են նրանց հետ, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ, պատռել են ծառայողական համազգեստները, նրանցից մեկը փորձել է տիրանալ ոստիկաններից մեկին ամրակցված հաշվեցուցակային զենքին և հատուկ միջոցներին, իսկ մյուսը հարվածել և վնասել է ծառայողական ավտոմեքենաները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկանության հինգ ծառայողներ ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Միջադեպին մասնակից անձանցից երկուսը ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում առգրավվել են ոստիկանների վնասված համազգեստները, ինչպես նաև՝ վիճաբանության մասնակիցների հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ: