Ստրասբուրգում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդները
Ստրասբուրգում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդները։ Այդ մասին հունիսի 3-ին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը՝ նշելով, որ այնտեղ հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի, Գերմանիայի և Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ։
«Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում OFAJ-ի (ֆրանս-գերմանական երիտասարդական գրասենյակ) «Համագործակցության նոր ուղղություններ» ծրագրի շրջանակներում հունիսի 6-10-ը Ադրբեջանի երիտասարդության 10 ներկայացուցիչներ կայցելեն Ստրասբուրգ»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դեսպանի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համատեքստում, որոնց աջակցում են Ֆրանսիան, Գերմանիան և Եվրոպական Միությունը, OFAJ-ը նպատակ ունի մասնակցել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության գործընթացին.
«Այս նախաձեռնությունը քննարկվել է Բրյուսելում և համաձայնեցվել անցյալ տարվա դեկտեմբերին կայացած առաջնորդների հանդիպման ժամանակ։ Սա Գերմանիայի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Արևելյան գործընկերության շրջանակներում»,- ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է նաև գերմանա-ֆրանսիական խաղաղ գործընթացը, իրենք դրան հավատում են.
«Առաջին նման հանդիպումը տեղի կունենա Ստրասբուրգում։ Մենք շատ գոհ ենք, որ երիտասարդ սերունդը աջակցում է խաղաղությանն ու կայունությանը այս տարածաշրջանում։ Հիմա ժամանակն է խաղաղություն հաստատել ինչպես քաղաքական, այնպես էլ դիվանագիտական, գիտական և մշակութային մակարդակներում։ Գիտեմ, որ դա կարող է դժվար լինել, բայց դա կարևոր է»: