25.11.2024
Կառավարությունը փոքր խմբերի պահանջով չի շեղվելու իր մարտավարությունից. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հետ «միջանցքային տրամաբանության» որոշումներ չեն քննարկվում. Հարությունյան

Հայաստանն ու Ադրբեջանը «միջանցքային տրամաբանության մեջ» ոչ մի որոշում, անկլավների ոչ մի հարց չեն քննարկում։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, խորհրդարանում հայտարարեց Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։


Նա նշեց, որ հայկական կողմը վարչապետի, արտաքին գործերի նախարարի և պատգամավորների մակարդակով բազմիցս հայտարարել է, որ «միջանցքային տրամաբանության մեջ» քննարկումներ չկան։ Լրագրողների նկատառմանը, որ ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահի, հակառակն է պնդում, Հարությունյանը նշեց.


«Ցանկացած կողմ, ելնելով սեփական PR-ից, կարող է որոշակի հայտարարություններ անել։ Բայց ես զարմացած եմ, որ չնայած վարչապետի, ԱԳՆ-ի և պատգամավորների հակառակ հայտարարություններին, Ալիևի յուրաքանչյուր հայտարարություն տեղեկատվական դաշտում հանգեցնում է հիստերիայի և հայտարարությունների, թե «երկիրը ծախվել է», «համաձայնվել է արտատարածքային որոշումների» և այսպես շարունակ։ Եկեք հարգենք ինքներս մեզ»:


Մեկնաբանելով այն հարցին, թե, այնուամենայնիվ, Ադրբեջանը միջանցք տրամադրելու պահանջ է հնչեցնում, Հարությունյանը նշեց` Բանակցությունների խնդիրն է հասնել լավագույն տարբերակին, քանի որ բանակցություններն ինքնին ենթադրում են փոխզիջումային լուծումների ձեռքբերում։


Ի՞նչ է պատրաստ Հայաստանը զիջել, հետաքրքրվեցին լրագրողները։ «Փոխզիջումները կախված են առկա մթնոլորտից և բանակցությունների օրակարգից։ Կողմը կարող է գնալ բանակցությունների՝ մեծ զիջումների գնալու պատրաստակամությամբ, բայց իրավիճակն այնպիսին լինի, որ հարցը լուծվի փոքր փոխզիջումների միջոցով»։


Ստեղծված պայմաններում, ընդգծել է Հարությունյանը, կոնկրետ փոխզիջումներ հնչեցնելը, որոնց պատրաստ է հայկական կողմը, մեծ սխալ կլինի։ «Դա կնշանակի ամբողջությամբ «բացել խաղաքարտերը»: Սա էապես կթուլացնի մեր դիրքերը բանակցություններում։ Դուք դա ուզու՞մ եք»։ – վրդովվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: