25.11.2024
Ադրբեջանի հետ «միջանցքային տրամաբանության» որոշումներ չեն քննարկվում. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերն է հղել նախագահ Սերջիո Մատարելլային և Իտալիայի բարեկամ ժողովրդին.

«Մեծարգո պարոն նախագահ,
Սիրելի բարեկամ,

Օրեր առաջ իմ ժողովուրդը նշում էր Հայաստանի առաջին հանրապետության հերթական՝ 104-րդ տարեդարձը, և այդ առիթով վերստին հնչեց մեր պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիք»-ը: Այսօր հիշատակելով այս մասին՝ խորհրդանշական եմ համարում, որ Հայաստանի օրհներգի հիմքում 19-րդ դարի մեր բանաստեղծներից մեկի՝ Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է: Այն ձոն է ազատությանն ու անկախությանը, արժեքներ, որոնք ընկած են նաև Իտալիայի Հանրապետության հիմքում:

Թերևս նաև այդ պատճառով է հայն Իտալիայում հարազատություն զգում՝ Հռոմում, թե Վենետիկում, Նեապոլում, թե Բոլոնիայում... Դա պայմանավորված է ինչպես մեր ժողովուրդների ներաշխարհի նմանությամբ, մեր պատմությունների բազում զուգահեռներով և, միաժամանակ, հատումներով, այնպես էլ բարեկամության ժամանակակից դրսևորումներով:

Պատիվ եմ համարում, որ Ձեզ հետ ստեղծված անձնական բարեկամության և ընկերության շնորհիվ, հարգելի Սերջիո, կարողացել ենք նոր էջ ավելացնել հայ-իտալական փոխհարաբերությունների տարեգրության մեջ»,- ասված է Արմեն Սարգսյանի ուղերձում: