Վարչապետի աշխատակազմը մտադիր է օպտիմալացնել իր ավտոպարկը. Արայիկ Հարությունյան
Հայաստանի վարչապետի աշխատակազմը միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտ է ներկայացրել սահմանված մակարդակից պակաս չափով։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, 2021 թվականի բյուջեի կատարման նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ներկայումս, ինչպես գիտեք, քննարկվում են հաջորդ տարվա միջնաժամկետ ծախսային ծրագրերը։ Եվ ներգրավված լինելով այս գործընթացում՝ մենք նախօրեին հայտարարել էինք, որ վարչապետի աշխատակազմը, եթե ոչ միակը, ապա գոնե այն սակավաթիվ գերատեսչություններից մեկն է, որը սահմանված չափից ցածր հայտ է ներկայացրել»,- մասնավորապես նշել է նա։
Հարությունյանը նշեց, որ ներկայացված հայտերի ցածր ծավալները ոչ մի կերպ պայմանավորված չեն այն հանգամանքով, որ վարչապետի գրասենյակը պատշաճ կերպով չի իրականացնում իր ծրագրերը: Պատճառն օպտիմալացումն է։ «Մենք իրականացնում ենք բոլոր ծրագրերը և նույնիսկ ավելին։ Պարզապես մեզ հաջողվեց գնալ որոշակի օպտիմալացման ճանապարհով։ Այս տարի մենք մեր առջեւ նպատակ ենք դրել օպտիմալացնել ավոտպարկը՝ հնարավորինս ազատվել «բալաստ» կոչվածից։ Սա նաև կօգնի կրճատել ծախսերը»,- ասաց Հարությունյանը։
Նա պարզաբանեց, որ դրվել է պարկի աստիճանական թարմացման նպատակ, քանի որ 900 ծառայողական մեքենաների մեծ մասն արդեն մաշված է։ Հետագայում նախատեսվում է մեքենաները փոխարինել էլեկտրական մեքենաներով, որոնք, ըստ Հարությունյանի, ավելի էժան են շահագործելու համար։