Փաշինյանը բուքմեյքերներին հորդորել է չփչացնել հարաբերությունները կառավարության հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուքմեյքերներին հորդորել է չփչացնել հարաբերությունները կառավարության հետ, քանի որ վերջիններս չնայած արգելքին` թաքնված եղանակով խաղային գովազդներ են տեղադրում քաղաքում:
Կառավարության հունիսի 2-ի նիստում Փաշինյանը նախ հիշեցրեց, որ ընդունվել է օրենք, որն արգելում է կանխիկ դրամով խաղադրույքների կատարումն օնլայն խաղային հարթակներում։ Այնուհետև շեշտց, որ ի հեճուկս արգելքին « թաքնված գովազդի օրինակներ մենք շարունակաբար տեսնում ենք»։
«Գտեք ձևերը և թաքնված այդ գովազդները վերացրեք, ընդհանրապես որևէ տեղում մենք չտեսնենք։ Եթե պետք է, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ էլ ընդունեք։ Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք, մեր տնտեսվարողներին էլ խնդրում եմ, հավաքեք ձեր գովազդները, որոնք նմանվում են թաքնված թակարդների։
Եվ պետք չէ կառավարության հետ հարաբերությունները փչացնել, հակառակ դեպքում ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել։ Չպետք է որևէ տեղ լինի օնլայն կազինոների, խաղադրույքների թաքնված որևէ գովազդ»,- հավելեց նա։