25.11.2024
Մամուլ. ՔՊ-ում վճռական են ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցում
prev Նախորդ նորություն

Հայաստանում բողոքի ցույցերը կապված չեն Ռուսաստանի և Արևմուտքի «մեծ խաղի» հետ. կարծիք

Հայաստանում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը։ Շուտով լրանում է մեկ ամիսը, երբ փողոցային ակտիվության նոր ալիքը կրկին «ծածկեց» Երևանը։ Այս մասին գրում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ Bunin & Co Տելեգրամի ալիքի համար։


Հայաստանի ընդդիմությունը հերթական անգամ հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի կարգախոսներով։ Մարկեդոնովի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ բողոքի գործողությունների արդյունքում որեւէ էական բեկում տեղի չի ունենում:


"Երբ հանրահավաքային նոր ալիք էր սկսվում փորձագետներն ու քաղաքական գործիչները քննարկում էին հնարավոր "թավշյա հեղափոխության" սցենարը։ Կամ "թավշյա հակահեղափոխություն"՝ հաշվի առնելով այն, որ բողոքի ակցիաների մասնակիցները քննադատության գլխավոր թիրախ են ընտրել նրանց, ովքեր ժամանակին իշխանության գլուխ են բարձրացել հենց Երևանի և հայկական այլ քաղաքների փողոցներից։ Կարելի՞ է արդյոք վստահաբար ասել, որ բողոքի ակտիվության հերթական ալիքը նույն ճակատագրին կարժանանա, ինչ նախորդ երկուսը, եթե նկատի ունենանք 2020թ. նոյեմբերին և 2021թ. ձմեռային-գարնանային շրջանում Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումից հետո տեղի ունեցող ակցիաները։


Արդեն ավանդույթ է դարձել հետխորհրդային երկրներում բոլոր քաղաքական իրադարձությունները պատկերել որպես Ռուսաստանի և Արևմուտքի միջև "մեծ խաղի" ածանցյալ։ Այս դիսկուրսը, հատկապես ուկրաինական եվրամայդանից հետո, ավելի ու ավելի շատ երկրպագուներ է գտնում թե’ Մոսկվայում, թե’ Վաշինգտոնում։ Չնայած իր ողջ հարմարավետությանը, երբեմն դա չի օգնում, այլ միայն խանգարում է հասկանալ իրականությունը: Այսօր Հայաստանում բողոքի ակցիաները գրեթե ոչ մի կապ չունեն "մեծ խաղի" հետ։ Ի դեպ, առանց աշխարհաքաղաքական ենթատեքստի հնարավոր չէ։ Բողոքի ակցիաների առիթ է դարձել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության կնքման, հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման շուրջ բանակցությունների ակտիվացումը:


Սակայն այստեղ մի նրբություն կա։ Հայաստանում ղարաբաղյան հարցը ընկալում են որպես ներքին, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խնդիր։ Դա ազգային ինքնության մի մասն է։ Այլ հարց է, որ տարիների ընթացքում այս թեման դադարել է կենտրոնական տեղ զբաղեցնել ներհայկական բանավեճի և ռեֆլեքսիայի մեջ։ Բարձրացել է տնտեսության, սոցիալական զարգացման հարցերի նշանակությունը։ Եվ դրանով էլ հաջող հանդես եկավ և շարունակում է խաղալ Փաշինյանի թիմը։ Բացի այդ, վարչապետը շարունակում է ընդդիմությանը մեղադրել այն բանում, որ այն "նախկինների" ռևանշիստական նկրտումներն իրականացնելու գործիք է։


Միեւնույն ժամանակ, Փաշինյանի ընդդիմախոսները որեւէ բեկումնային գաղափարներ չեն առաջարկում, իսկ ամենակարեւորը Իշխան Սաղաթելյանից բացի, նրանց մեջ գրեթե երիտասարդ քաղաքական գործիչներ չեն երեւում: Այս ամենը միասին, եւ յուրաքանչյուր գործոն առանձին-առանձին հանգեցնում է այն բանին, որ բողոքի ցույցերը մեկ անգամ եւս շնչահեղձ են լինում: Նրանց զգալիորեն պակասում է էներգետիկան։ Եվ իշխանությունները, ինչպես էլ նրանց վերաբերվեն, աղետալի սխալներ չեն գործում։ Նրանք ունեն լեգիտիմության որոշակի պաշար, որն ապահովվել է նախորդ տարվա արտահերթ ընտրություններով, ինչպես նաև միջազգային աջակցություն։ Փաշինյանի կառավարության հետ աշխատում են և’ Մոսկվան, և’ Արևմուտքը, և’ Իրանը։


Այսպիսով, հանրահավաքները շարունակվում են, բայց երևանյան փողոցային ճակատում առանձնապես փոփոխություններ չեն երևում", - ընդգծում է փորձագետը։