Ակցաներ և հանրահավաքներ. Սաղաթելյանը` ընդդիմության առաջիկա անելիքների մասին
Մայիսի 27-ին «Դիմադրության» շարժումը շարունակելու է անհնազանդության ակցիաները: Այդ մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը` հավելելով, որ ակցիաներ տեղի կունենան նաև մարզերում:
Նա նաև տեղեկացրել է, որ մայիսի 27-ին հանրահավաք չեն նախատեսել, քանի որ այդ օրն իրենց համար աշխատանքային է: «Մայիսի 28-ին՝ 18։00 հրավիրում ենք համապետական հանրահավաք։ Մինչև հանրահավաքը՝ 16։00, Սարդարապատից տեղի կունենա մեծ ավտոերթ դեպի այս հրապարակ։ Հրապարակում 18։00 տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ երթ»,– ասել է Սաղաթելյանը` տեղեկացնելով, որ մայիսի 28-ի հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է անցկացվելու նաև Ստեփանակերտում։
Ընդդիմադիր գործիչը նաև խոսել է հունիսի 3-ին ընդդիմության նախաձեռնած Խորհրդարանի արտահերթ նիստի մասին, որի օրակարգում դրված է մեկ հարց` հայ-թուրքական հարաբերությունների և արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարության ընդունումը: «Կա՛մ իշխանությունները հունիսի 3-ին կմասնակցեն նիստին և կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա՛մ կգան ու կստորագրեն ընդդիմության պատրաստած հայտարարություն տակ»,– ասել է նա: