Արցախի կարգավիճակի հարցը չի քննարկվում Հայաստանի վարչապետի հայտարարությունների պատճառո՞վ
Եվրամիությունն իր ջանքերը կենտրոնացրել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդրի վրա՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու պայմաններում։ Նման տեսակետ է հայտնել նաև քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
«Արևմուտքը գիտակցում է, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան Արցախի կարգավիճակի շուրջ։ Չեմ կարծում, որ Արեւմուտքը պնդել է, որ Արցախը պարտադիր մնա Ադրբեջանի կազմում»,- ասաց նա։ Սակայն, շարունակեց Պողոսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հրապարակային հայտարարությունները, ով թափանցիկ ակնարկում էր Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում քննարկելու հնարավորության մասին, մեծ ոգևորություն առաջացրեցին ԵՄ-ում, որտեղ վարչապետի հայտարարությունները սկսեցին համարել Հայաստանի պատրաստակամություն` համաձայնել Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակին՝ անվտանգության որոշակի երաշխիքների և իրավունքների ու ազատությունների ապահովման դիմաց։
Ուստի այժմ ԵՄ-ի ջանքերը կենտրոնացած են Հայաստանին և արցախահայությանը հարմար երաշխիքներ տրամադրելու մեխանիզմներ գտնելու վրա։
«Իրավունքների և անվտանգության ապահովման մեխանիզմները կարող են շատ տարբեր լինել՝ ներառյալ ինքնավարության տարբեր աստիճանները, բայց նաև առանց դրա։ Պատահական չէ, որ ներկայումս մեր արևմտյան գործընկերները որպես օրինակ են բերում Հյուսիսային Մակեդոնիայում ալբանացիների կամ Ռումինիայում հունգարացիների իրավունքների ապահովման փորձը»,- ասաց նա։