Նաղդալյան. Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է
Հայաստանը, շրջապատված լինելով իր երկու հարևաններով, ապրում է բարդ իրականության մեջ: Արևելքից Ադրբեջանն է իր ագրեսիվ ռազմական քաղաքականությամբ, արևմուտքից` Թուրքիան, որը երկու տասնամյակից ավելի շարունակում է փակ պահել իր սահմանը Հայաստանի հետ` կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը: Այս մասին Վարշավայում կայացած «Համերաշխություն և ինքնիշխանություն» խորագրով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովի շրջանակներում հրավիրված` «ԵՄ վերածնունդը և տարածաշրջանային համագործակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ևս մեկ անգամ հիշեցրել է այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին, որը 1994 թվականի զինադադարից ի վեր ամենածավալուն և լայնամասշտաբն էր իր բնույթով, որը թիրախավորել էր ոչ միայն զինված ուժերին, այլ նաև խաղաղ բնակիչներին: Նաղդալյանի խոսքով՝ խնդիրն այսօր վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, նրանց ապրելու իրավունքին:
«Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է` անկախ իր կարգավիճակից, և նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին: Եվ այս գործընթացում առանձնապես կարևոր ու անփոխարինելի է Եվրոպայի դերը: Տարբեր մակարդակներում Եվրամիությունը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, որը հանդիսանում է միակ միջազգայնորեն լիազորված մարմինը` կոչված աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը հիմնվում է միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման վրա: Եվ հույս ունեմ, որ Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը, խնդրի համապարփակ լուծման համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր նվիրվածությունը գուցե հաջողեն կոտրել ադրբեջանական քաղաքականության սառույցը: Ինչպես նաև կամուրջ դառնան`նպաստելով վստահության կառուցմանը, որը, սակայն, հեշտ չի լինի, քանի դեռ մեր հարևանը մոլեռանդորեն մերժում է համագործակցության բոլոր ձևերը»,- ասել է Հերմինե Նաղդալյանը:
Նա ընդգծել է՝ Ղարաբաղն այսօր կայացած պետություն է`պետականության իր բոլոր ատրիբուտներով և հաստատություններով: Իր անկախությամբ, հայտարարել է Նաղդալյանը, Ղարաբաղն ապացուցել է, որ հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր է միջազգային հանրության համար, և հետևողական է`տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանը նպատակաուղղված իր գործողություններում:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ուղղակի փոխազդեցությունները այսօր դառնում են ավելի ու ավելի ակտիվ: Եվրամիությունը ժողովրդավարության խորհրդանիշ է: Իր հիմնական սկզբունքներից ու արժեքներից ելնելով` Միությունը պետք է լինի այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության և հավասարության համար: Այս մարդիկ սպասելիքներ ունեն, և Եվրամիությունը կարող է օգնել իրականացնել դրանք»,- հավելել է Նաղդալյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նաև ասել է, որ նման միջոցառումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու և վեր հանելու այն խնդիրները, որոնք մտահոգիչ են և հրատապ անդրադարձի կարիք ունեն: Այդ համատեքստում նա ներկաների ուշադրությունն է հրավիրել տարածաշրջանում տիրող բավականին բարդ ու լարված իրավիճակին և որպես գլխավոր մարտահրավերներ առանձնացրել գոյություն ունեցող պատերազմական գոտիները, քաղաքական ծայրահեղականության աճը, միջազգային ահաբեկչության ընդլայնումը, որոնք վտանգում են տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը և դրանց դեմ պայքարելու ընդհանուր ջանքեր են պահանջում:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են ավելի քան տասը երկրների խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք: