25.11.2024
Հիմա կուսակցությունների ոչ թե ստեղծման ժամանակն է, այլ կոնսոլիդացիայի. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ավինյանականները կարող է լքեն փաշինյանականներին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հերթական համագումարին, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Կուսակցության վարչության անդամի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել սույն թվականի մայիսի 19-ից 31-ը: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ՔՊ-ականների շարքերում անհանգիստ ջղաձգումներ են սկսվել այս տեղեկության առնչությամբ: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ առնվազն «կամիկաձե» պետք է լինել, որպեսզի ցանկություն ունենան լինել ՔՊ-ի ղեկավար կազմում հիմա, երբ իշխանական նավը խորտակվելուն հինգ է պակաս: Բայց մյուս կողմից էլ այս ամենը ՔՊ-ականները դիտարկում են որպես Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական լարված թակարդը: Եվ խնդիրը ոչ թե համագումար անել կամ չանելն է, ինչը նաեւ օրենքի պահանջ է, այլ այն, որ մինչեւ մայիսի 31-ը ստիպված են լինելու իրենց հավատարմությունը վերհաստատել Փաշինյան Նիկոլին` ցույց տալով, որ իրենց շարքերում շատերն են անգամ այս վիճակում պատրաստ դառնալ կուսակցության վարչության անդամ: Իսկ սա չանելը, իհարկե, անպատիժ չի մնա կուսակցության ղեկավարության կողմից: Ի դեպ, կուսակցության համագումարի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե արդյոք նախկին փոխվարչապետ եւ արդեն իսկ Երեւանի քաղաքապետի թեկնածուի դերի մեջ մտած Տիգրան Ավինյանը կշարունակի մնալ կուսակցության վարչության կազմում: Կան շշուկներ, որ ավինյանականները կարող է համագումարից շատ ավելի վաղ լքեն փաշինյանականներին` համագործակցության եզրեր գտնելով որոշ ընդդիմադիրների հետ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Պետք է գնահատել մեր դեսպանությունների աշխարհագրական սփռվածության եւ տարիներ ընթացքում դրանց գործունեության արդյունավետությունը, որոշել դրանց հետագա աշխատանքի նպատակահարմարությունը». այս խոսքերն ասել է Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին, երբ խորհրդարանում երկրորդ անգամ տեղի էր ունենում նրա ընտրությունը: Նա եւ իր թիմի անդամները ոչ մեկ անգամ են բարձրաձայնել, թե շատ հաճախ այդ պաշտոնին նշանակվում են ոչ թե իրենց արժանիքների համար, այլ քաղաքական նկատառումներից ելնելով: Այլ կերպ ասած` մեղադրում էին, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը երբ չէր ցանկանում ինչ-որ մեկին նեղացնել, նրան դեսպանի պաշտոնի էր նշանակում: Այժմ այդ նույն պրակտիկան շարունակում է Նիկոլ Փաշինյանը: Միայն անգլերեն իմանալու համար ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց Լիլիթ Մակունցը, նախկին պատգամավոր, ճամբարափոխ Վիկտոր Ենգիբարյանն ընդամենը 2004-ին Գերմանիայում ուսանելու շնորհիվ դարձավ Գերմանիայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանին էլ Իսպանիա գործուղեցին։ Այս տարվա հունվարի 5-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, իսկ փետրվարի 22-ին էլ Հովհաննես Իգիթյանը նշանակվեց Լիտվայում ՀՀ դեսպան: Ի տարբերություն նախկին նշանակումների՝ Իգիթյանն ու Հարությունյանն արտաքին դիվանագիտական աշխատանքի որոշ փորձ ունեն, մինչդեռ նախորդ նշանակումները հստակ քաղաքական են եղել: Ստացվում է՝ «լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը» արտահայտությամբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 18-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ անվտանգության խորհրդի նիստից: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ օրը քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր: «Ժողովուրդ» օրաթերթին այդ անակնկալ նիստից որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել, սակայն հաշվի առնելով թեմայի նրբությունը՝ կներկայացնենք մի քանի դրվագներ միայն: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ խոսել է Մոսկվա կատարած այցի եւ այնտեղ իր անցկացրած հանդիպումների մասին: Այնուհետեւ անցում է կատարվել Հայաստանի ներքաղաքական կյանքի շուրջ քննարկումներին:  Մասնավորապես, ուժային համակարգի ներկայացուցիչները զեկուցել են իրավիճակը վարչապետին եւ ասել, որ անհանգստանալու ոչինչ չունեն, քանի որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված բազմության թիվը չի ավելանում: Եվ չնայած նրանց հուսադրող տեղեկություններին՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ամենօրյա ռեժիմով՝ առավոտյան եւ երեկոյան իրեն զեկուցել իրավիճակը: Ստացվում է, որ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առավելապես ուշադրություն է դարձվել ՌԴ այցին եւ ներքաղաքական հարցերին. սահմանային անվտանգության հարցերը, կարծես թե, ստվերվել են: Հիշեցնենք, որ, բացի ԱԽ անդամներից, այդ նիստին մասնակցել են նաեւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Ընդգծենք, որ նախկինում, երբ ԱԺ նախագահն Արարատ Միրզոյանն էր, նմանօրինակ նիստերին նա, որպես կանոն, չէր մասնակցում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ուժերի հետ հերթական հանդիպման մասնակիցների կազմը նոսրացել էր. ներկա չէին Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը: Հայրապետյանն ու Արզաքանցյանը մեզ ասացին, որ հրավեր ստացել են, բայց խիստ զբաղված լինելու պատճառով չեն կարողացել մասնակցել: Հայրապետյանը դասախոսություն է ունեցել Պոլիտեխնիկում, Արզաքանցյանն ասաց՝ խիտ գրաֆիկով է աշխատում, հանդիպմանը գնալ չի կարողացել: Նորիկյանն էլ ասաց` շատ զբաղված է, այդ հարցին պատասխանել չի կարող»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն առայժմ դիմադրում է ընդդիմության պայքարին հակընդդեմ հանրահավաք կազմակերպելու գայթակղությանը, քանի որ իրավապահները նրան զեկուցել են, որ դա բախումների կարող է հանգեցնել, սակայն, մեր տեղեկություններով, քննարկում են ընդդիմության հավաքները, երթերը «հարամելու» սցենարը, այսպես կոչված, «սադրիչ խմբերի» միջոցով։ Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ մի քանի օլիգարխի եւ մի քանի պատգամավորի վրա են դրել նման խմբերի ձեւավորումը, որոնք պետք է մոտենան ցուցարարներին, հայհոյեն, անիծեն, սադրիչ հայտարարություններով վեճի բռնվեն, բնականաբար, գովերգեն սիրասուն վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ բախումներ առաջացնեն։ Այնպես որ, իշխանությունն առաջիկայում նոր եթերաշրջանով է հանդես գալու, որտեղ գլխավոր դերակատարները ոչ թե ՔՊ-ական պատգամավորներն են լինելու, այլ իբր շարքային քաղաքացիները, ինչպես արեցին Շիրակի մարզում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը եւ Ագնեսա Խամոյանը նախօրեին հանդիպել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Ներկա են եղել նաեւ փոխոստիկանապետերը, որոշ վարչությունների պետեր։ Մեր տեղեկություններով, Վահե Ղազարյանն ընդգծված ջերմ վերաբերմունք է ցուցադրել, ասել է, որ որոշ ոստիկանների անմարդկային վերաբերմունքն իր համար անսպասելի է եղել, ինքն անձամբ կոշտ միջոցներով բերման ենթարկելու հրահանգ չի տվել, որ տիրապետում է իրավիճակին եւ առաջին օրից ամեն ինչ արել է, որ խուսափեն բախումներից։ Մնացած խոստումների, մի ոստիկանի աշխատանքը կասեցնելու մասին ընդդիմադիրներն իրենք պատմել են արդեն։ Մենք տեղեկացանք, որ իրականում ցուցարարների նկատմամբ կոշտ պահվածքի հրահանգը ոչ թե անձամբ Ղազարյանն է իջեցնում, այլ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ Հայկ Բաբայանը, որն այդ պաշտոնում հայտնվել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի հովանավորությամբ՝ 2020-ի նոյեմբերին։ Բաբայանի ենթակայության տակ գործող սեւ եւ կարմիր բերետավորները կատարում են հրամանատարի՝ առաջին դեմքից ստացած հրահանգները։ Ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ այդ պատճառով լարվել են ոստիկանապետի եւ Բաբայանի հարաբերությունները։ Ոստիկանապետը հասկանում է, որ կուժն ու կուլան իր գլխին են կոտրվելու։ Ի դեպ, ընդդիմադիրների երեկվա հրճվանքը, թե նախօրեի հանդիպումը տվել է արդյունքը, եւ երեկ արդեն ոստիկանները մեղմ էին պահում իրենց, արդարացված չէ, որովհետեւ ընդդիմադիրները երեկ հիմնականում երթ էին անում` փողոց չէին փակում: Իսկ նախորդ օրն այնքան էին «պերեբոր» արել, որ Վահե Ղազարյանն անձամբ է զանգել Արծվիկ Մինասյանին եւ ներողություն խնդրել ոստիկանների անհարգալից վերաբերմունքի համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ից սկսած՝ Հայաստանում իրավապահ համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: Տպավորություն է, թե ուժայինները մոռացել են իրենց բուն գործերը եւ ըննդիմության ակցիաների հետեւանքով այլ օրակարգի մեջ են հայտնվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները միմյանց հետ զրույցներում դժգոհում են, թե ամբողջ օրը ստիպված են լինում հրատապ խորհրդակցություններ անել: Ինչու՝ որովհետեւ ընդդիմության ակցիաների հետեւանքով տարբեր ստորաբաժանումներում աշխատող պաշտոնյաները ստիպված են զբաղվել ակտիվիստներով, նոր գործեր հարուցել, քննել դրանք, որոշներին հատուկ ուշադրություն սեւեռել, որպեսզի նոր գործ հարուցվի, եւ այլն: Արդյունքում երկրորդ պլան են մղվել մյուս գործերը: Մի շարք փաստաբաններ «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհեցին, որ իրավապահների այս գործելաոճի հետեւանքով շատ կալանավորվածների կամ այլ կարգավիճակ ունեցող մեղադրյալների մասով գործերի քննությունները դոփում են տեղում: Չի բացառվում, որ շատ փաստաբաններ աղմուկ բարձրացնեն եւ պահանջեն իրավապահներից քննություն սկսել կամ շարունակել, այլ ոչ թե անվերջ հրատապ խորհրդակցություններ անել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պարապուրդն այսօր կխախտվի, հանձնաժողովը նիստ է հրավիրել, եթե անակնկալներ չլինեն, ապա այսօր, կարելի է ասել, աշխատանքային առաջին նիստը կգումարվի։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձեւավորվել է դեռեւս փետրվարին, մինչ օրս մեկ նիստ են արել ու անցել ընդհատակ։ Հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս ընթացքում լրատվամիջոցներին ասում էր, որ աշխատակարգն են քննարկում, ՊՆ-ից նյութեր պահանջում, երբ այդ ամենը վերջացնեն, կսկսեն բուն աշխատանքները։ Ընդդիմադիրները, ինչպես հայտնի է, բոյկոտել են աշխատանքները, փոխարենը իշխանությունների հույսը որոշ արտախորհրդարանականներ են: Նախատեսված է, որ այսօրվա նիստին պետք է մասնակցեն Դավիթ Սանասարյանն ու Նորայր Նորիկյանը, մինչդեռ մեր աղբյուրներն ասում են, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ հանձնաժողովից հեռացումը խառնել է որոշ խաղաքարտեր: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ հանկարծ Դավիթ Սանասարյանն ու Նորիկ Նորիկյանը չհետեւեն Բաբայանին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերով, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, «Ֆակտորի փրոդաքշն»-ն է զբաղվում: Թեեւ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հիմնադիրները Վազգեն Պողոսյանն ու Ռուդիկ Տեր-Գալստյանն են, բայց ընկերության ստեղծման, ինչպես նաեւ այժմյան գործունեության մասով ակտիվ դերակատարում ունի Երեւանի նախկին փոխքաղաքապետ, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պորդյուսեր Տիգրան Վիրաբյանը: Գյումրու դրամատիկական թատրոնից սրընթաց կերպով Երեւանի քաղաքապետի տեղակալի աթոռին հասած Վիրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր լուրն այսպես մեկնաբանեց. «ՀՀ-ում 100-ավոր ընկերություններ տարբեր օրերի դրամաշնորհներ են շահում, ու, բնականաբար, որեւէ ընկերության հետ կապ չունեմ»:


«Մեր տեղեկություններով՝ թեեւ փաստաթղթերում Ձեր ընկերների անուններն են գրանցված, Դուք ընկերության փաստացի հիմնադիրներից ու դերակատարներից եք»,- նկատեցինք մենք: «Ես տասնյակ ընկերներ ունեմ, որոնք տասնյակ ընկերություններ ունեն տարբեր ոլոտներում՝ սննդի, մշակութային սպասարկման եւ այլն: Այդ ընկերները տարբեր ոլորտներում մասնակցում են տարբեր «տենդերների»: Օրենքով արգելվա՞ծ է ընկեր ունենալ, որ կարող է որեւէ տեղ որեւէ տենդերի մասնակցել»,- նշեց նա: Իհարկե, օրենքով ընկերներ ունենալն արգելված չէ, բայցեւ, համաձայնեք, տարօրինակ է, որ «շա՜տ պատահականորեն» պետական նշանակության կարեւորագույն ու «յուղոտ» բոլոր միջոցառումները միշտ նույն՝ Հանրային ՀԸ-ի գլխավոր պրոդյուսերի հետ կապվող ընկերությունն է հաղթում: Օրինակի համար նշենք, որ 2019-ի Ամանորին հենց «Ֆակտորի»-ն է 24 միլիոն դրամով վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնածառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն: 2018-ին էլ «Ֆատկորի»-ին է վստահվել Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը, 2019-ին «Ֆակտորի փրոդաքշն»-ն է կազմակերպել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները: Եվ այստեղ, ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, «բա կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում»»: