Լրամշակման նպատակով հետ է վերադարձվել «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը
Մայիսի 17-ին կայացել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, տեղեկացնում են Արցախի ԱԺ–ից։
Օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին հարցերն էին։
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գործող գործակիցը։
Մյուս փոփոխությունը վերաբերում է արդեն իսկ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկմանը։ Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ առաջարկվող փոփոխությամբ կսահմանվի, որ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են միայն այն դեպքերում, երբ փոխվում է կենսաթոշակի հաշվարկման բանաձևում կիրառվող՝ հիմնական կենսաթոշակի չափը կամ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը։ Այսինքն՝ 2022 թվականի հունվարի 1-ից իրականացված աշխատավարձերի բարձրացումները չեն ազդի մինչև այդ պահը նշանակված կենսաթոշակների չափերի վրա։
««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։
Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ նախագիծը լրամշակման նպատակով հետ է ուղարկվել։