Ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ քաղաքական ընդդիմության հավաքների մասնակիցների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիեւյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանին, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ոստիկանի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է: Վերջինս ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Իգոր Խաչատուրովը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին է։