Նախագահի ու վարչապետի ներկայությամբ փոխվարչապետն և նախարարները երդվել են
Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի երդման արարողությունը:
Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են փոխվարչապետին ու նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի: