26.11.2024
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործով ձերբակալվել են համածառայակիցները
prev Նախորդ նորություն

Կառավարությունը սահմանել է մրցանակներ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների համար

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց մրցանակ: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված մրցանակները կշնորհվեն ամեն տարի:


«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը» հաստատվել է ՀՀ կառավարության՝ մայիսի 13-ին կայացած նիստում:


Սահմանվել են կրթական մրցանակները, պարգևատրման չափը և մրցանակների քանակը` ըստ անվանակարգերի:


Լավագույն ուսանողների համար.


«Գլխավոր մրցանակ»` 1200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, նախատեսված է 1 մրցանակակիր,
«Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 1000 և 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր,


«Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 750 և 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր,


«Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 500 և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 մրցանակակիր:
Լավագույն սովորողների համար.


«Գլխավոր մրցանակ»` 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, նախատեսված է 1 մրցանակակիր,


«Լավագույն աշակերտ»` 1-ին և 2-րդ կարգի մրցանակների համար նախատեսված է համապատասխանաբար 200 և 100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 5 մրցանակակիր:


Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացնում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։


Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը կներկայացնի ընտրություն կատարող հանձնաժողովի կազմը:


ԿԳՄՍ նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատել ՏՏ բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը, լավագույն ուսանողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից բուհերի և հանրակրթական դպրոցների ցանկերը:


Համաձայն կարգի` մրցանակին կարող են հավակնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ ուսանողները և 10-12-րդ դասարանների աշակերտները, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն, մասնակցել են ՏՏ ոլորտի նորարարական նախագծերի և մրցույթների, ունեն տպագրված հոդվածներ։


Մրցանակի հավակնորդները դիմումները ներկայացնում են իրենց բուհի կամ դպրոցի ղեկավարությանը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված հայտարարության հիման վրա:


Ուսումնական հաստատությունների ղեկավարությունը լավագույն տասը հավակնորդների փաստաթղթերը 5-օրյա ժամկետում ներկայացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովին, որը կատարում է հաղթողների վերջնական ընտրությունը` ըստ հավակնորդների հետ անցկացվող անհատական հարցազրույցների և սահմանված պահանջների բավարարման արդյունքների: