2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 147 մլրդ դրամով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 20.4%։ Այդ մասին Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) մայիսի 13-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը` ամփոփելով բանկային համակարգի 2022թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները:
«Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 15.4%-ով` հատելով 1.099 մլրդ ՀՀ դրամի սահմանը։ Այս ցուցանիշը հանդիսանում է էական գործոն բանկային համակարգի կայունության ապահովման և սթրեսային իրավիճակների դիմակայման և հաղթահարման համար։ Պետք է նաև նշել, որ երկարաժամկետ հատվածում բանկերի սեփականատերերը շարունակաբար ավելացնում են բանկերի կապիտալը»,-նշեց Սեյրան Սարգսյանը։
Հիմնական ցուցանիշները
Ակտիվների մասով ևս աճի դինամիկան պահպանվում է։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 97 մլրդ դրամով կամ 1.4%-ով՝ կազմելով 7168 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.6%:
Վարկային ներդրումները 2022թ-ի առաջին եռամսյակում աճել են շուրջ 123 մլրդ դրամով կամ 3.1%-ով։ Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 46%-ը (1 898 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 44%-ը՝ (1 802 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 10%-ը՝ (438 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները:
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի դիտարկմամբ՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի մասով վարկային ներդրումներն աճել են։
«Եթե վարկային պորտֆելի ցուցանիշը դիտարկենք տարբեր տարիների համեմատության մեջ, ապա կտեսնենք, որ մասնավորապես 2014-2015թթ․ միջազգային ճգնաժամով պայմանավորված այս ցուցանիշի մասով 2015թ․ունեցել ենք նվազում։ Այնուհետև հաջորդող տարիներին աճի տեմպը սկսեց վերականգնվել։ 2021թ․-ին բոլորիս հայտնի պատճառներով վարկային ներդրումները նվազեցին, սակայն արդեն այս տարվա առաջին եռամսյակի տվյալները թույլ են տալիս ասելու, որ գրանցված աճը բեկումնային կլինի և խթան կհանդիսանա հետագա շարունակական աճի համար։ Եվս մեկ կարևոր հանգամանք՝ եթե 2021թ․ տարեվերջին աճը միայն հիպոթեքային, շինարարության և գյուղատնտեսության վարկավորման ուղղություններով էր, ապա ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի մասով վարկավորման ծավալներն աճել են»,-ընդգծեց ՀԲՄ գործադիր տնօրենը։
Անդրադառնալով ընդհանուր վարկերում դրամով և արտարժույթով վարկերի մասնաբաժնին՝ Ս․Սարգսյանը տեղեկացրեց, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին:
Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 55%, արտարժույթով վարկերինը՝ 45%:
Ընդհանուր ավանդները 2022թ-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 42 մլրդ դրամով կամ 1.04%-ով. նվազում գրանցվել է ոչ ռեզիդենտների մասով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր ավանդներն ավելացել 281 մլրդ դրամով կամ 7.6%-ով:
ՀԲՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ վերջին 2 եռամսյակների ընթացքում դրամով և արտարժույթով ավանդների ծավալները հավասարվել են (50/50), ինչը վկայում է այն մասին, որ արտարժութային տատանումների և անորոշության պայմաններում հաճախորդները դրսևորում են ճիշտ վարքագիծ` խնայողությունները պահելով տարբեր արժույթներով։
2022թ-ի առաջին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 30.8 մլրդ դրամի շահույթ, որը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 11.4 մլն դրամով կամ 58.6%-ով։
«Պետք է փաստել, որ բանկային համակարգում գործարքների քանակի և ծավալների աճով պայմանավորված՝ ակնկալելի էր շահույթի բացարձակ արժեքով աճը։ Սակայն եթե դիտարկենք կապիտալի վերադարձելիության մակարդակով, ապա այս ցուցանիշը դեռևս շարունակում է ցածր մնալ»,-նշեց Սեյրան Սարգսյանը։
ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանի դիտարկամամբ՝ համակարգը բնութագրող հիմնական ցուցանիշների վերլուծությունը հիմք է տալիս փաստելու, որ հանրության բանկայնացման աստիճանը շարունակում է աճել։
Հաշիվներ
2022թ-ի փետրվարին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ հաճախորդների հաշիվներն ավելացել են 5 615-ով կամ 0.1%-ով։ Ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 2 460-ով կամ 0.04%-ով, իսկ իրավաբանական անձանց հաշիվները` 3 155-ով կամ 1.2%-ով։
Հիշեցնենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ։
Քարտեր
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վճարային քարտերի քանակը կազմել է 2 730 850, որը 2021թ-ի համեմատ ավելացել է 28 193-ով կամ 1%-ով։
Վճարային քարտերով կատարվել է 40 001 428 գործարք, որը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ` ավելացել է 11 561 202-ով կամ 40.7%-ով:
2022թ-ի առաջին եռամսյակում վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 905 897 մլն ՀՀ դրամ, որը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել 159 232 մլն դրամով կամ 21.3%-ով:
ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները ՀՀ-ում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9 800 556-ով կամ 41.1%-ով:
ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները արտասահմանում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 681 281-ով կամ 100.8%-ով:
Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները ՀՀ-ում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 79 365-ով կամ 2.7%-ով:
ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների ծավալը ՀՀ-ում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 150 536 մլն դրամով կամ 24%-ով: ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների ծավալը արտասահմանում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21 464 մլն դրամով կամ 46.5%-ով:
Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների ծավալը ՀՀ-ում 2022թ-ի 1-ին եռամսյակին 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12 768 մլն դրամով կամ 17.2%-ով:
Փոխանցումներ
2022թ-ի առաջին եռամսյակում արտասահմանից ստացումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 155 մլն դոլարով կամ 38.2%-ով, իսկ արտասահման փոխանցումների ծավալը ՝ շուրջ 97 մլն դոլարով կամ 35%-ով:
2022թ-ի առաջին եռամսյակում ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 58 մլն դոլարով կամ 45%-ով:
ՀՀ առևտրային բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում
2022թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ 16 առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա (17 առևտրային բանկ) նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել ՝ շուրջ 611 մլն դրամով կամ 5%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 859 մլն դրամով կամ 8.8%-ով:
Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2022թ-ի հունվար մարտ ամիսներին 751 մլն դրամ, ավելի քան 2 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 319 մլն դրամ, իսկ շահութահարկի և եկամտահարկի միջինը` 627 մլն դրամ, ավելի քան 6 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 99 մլն դրամ: