Ադրբեջանը ՄԻԵԴ-ում շուրջ 80 գործերով հերքում է գերեվարման փաստը. Սահակյան
ՄԻԵԴ-ում ընթացող գործերով Ադրբեջանը սկսել է ակտիվորեն տեղեկատվություն տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ. ներկայացվում են հիմնականում բժշկական տեղեկություններ, որոնք ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Ավելին, նույնիսկ օբյեկտիվ տվյալներն են կեղծված, ինչպես օրինակ՝ հասակը։ Միեւնույն ժամանակ, շուրջ 80 գործերով հերքում են գերեվարման փաստը, փորձում են կեղծիքների միջոցով նույնականացման գործընթացի շփոթ ստեղծել. այսինքն՝ տեսանյութերում եղած մարդկանց հաճախ մատուցում են որպես ադրբեջանցիներ, ովքեր ծաղրուծանակի ենթադրելու մտադրությունից ելնելով, հագել են հայկական համազգեստներ եւ խաղաղացել են այսպես կոչված՝ հայերի դերեր. ինչը դարձյալ իրականությանը չի համապատասխանում։ Ուղղակի գործի են դրել իրենց կեղծարարական մեխանիզմը, փորձում են այս ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը, այդ թվում՝ դատական ատյաններին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ դրանք բացահայտելի խնդիրներ են, նախկինում էլ նման դեպքեր եղել են, եւ Եվրոպական դատարանն ընդունելի է համարել հայկական կողմի ներկայացրած ապացույցները եւ հաստատել, որ քրեական գործի նյութերը, փորձաքննությունները, բժշկական տեղեկատվությունները, տեսանյութերը իմիտացվում եւ կեղծվում են Ադրբեջանի կողմից.
«Կարծում եմ՝ նույն մարտահրավերը լինելու է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության դատարանում, ուղղակի բոլոր ֆրոնտներում պետք է խիստ պատրաստված լինել։ Այստեղ նաեւ անելիք ունեն Հայաստանի իրավապահ մարմինները, կարծում եմ՝ այլ գործերի վրա ժամանակ վատնելու առիթ չեն կարող ունենալ, լուրջ գործընթացներ են սպասվում եւ պետք է պրոֆեսիոնալիզմում եւ պատասխանատվությամբ գործել»։
Նշենք, որ ՄԻԵԴ-ում այս պահին շուրջ 300 զոհերի վերաբերյալ գործեր են քննվում հայկական կողմի դիմումների հիման վրա։