25.11.2024
Հարկային հավաքագրումների պլանը գերակատարել ենք 30 միլիարդ դրամով. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արմեն Գրիգորյանը հայտնել է, երբ կարող է կայանալ Փաշինյան-Ալիև հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա առկա հարցերի համաձայնեցումից հետո: Այդ մասին կառավարության մայիսի 5-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:


Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը և խոսել Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպման հնարավորության մասին:


«Ես նշել եմ որ հարցեր կան, որոնցից հետո միայն մենք կսկսենք քննարկել երկրի ղեկավարների հնարավոր հանդիպումը։ Մենք դեռ քննարկումները շարունակում ենք, երբ քննարկումներն ինչ-որ փուլի հասնեն, և նախանշվի հնարավոր հանդիպումը, ապա հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի», - ասել է նա։


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:


Հանդիպման արդյունքների մասին մանրամասներ չեն հաղորդվել, սակայն մինչ բրյուսլեյան հանդիպումը Գրիգորյանն Ազատությանը հայտնել էր, որ «Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող»:


Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի սկզբին Բրյուսելում կարող են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները:


Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի նախորդ հանդիպումը կայացել էր մարտի վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հարկի տակ, ըստ ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրության, «առաջ մղելու երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»։


Դրան հաջորդել էր օրեր անց` ապրիլի 6-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:


Իսկ մայիսի 13-ին Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: