28.11.2024
Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել է. ՀԿ
prev Նախորդ նորություն

Կկարգավորվեն Հայաստանի և մի շարք երկրների միջև առևտրատնտեսական, միգրացիոն ոլորտները

2019թ. հոկտեմբերի 1-ին Երեւանում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության, Սինգապուրի միջեւ ստորագրվել է համաձայնագիր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից:


Փաստաթղթի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր եւ պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջեւ փոխադարձ առեւտրային կապերի զարգացման եւ տնտեսական համագործակցության խրախուսման համար, ինչպես նաեւ վերացնել կողմերի միջեւ արգելքներն առեւտրում եւ ներդրումների ոլորտում, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:


Համաձայնագրում ամրագրվում է ապրանքների ազատ առեւտրի, ներդրումների ու ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների ու իրավասությունների:


«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների, մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է մայիսի 3-ին գումարված ԱԺ հերթական նիստում: Այն խորհրդարանականներին ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:


ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը նախարարից հետաքրքրվել է, թե կոնկրետ ո՞ր ուղղություններն են համաձայնագրով նախատեսվում զարգացնել, եւ ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը դրանից:


Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանն առավել հետաքրքրված է ներդրումներով: «Սինգապուրը խոշոր ֆինանսական կենտրոն է, եւ քննարկվում է սինգապուրյան ներդրումային ֆոնդերի եւ Հայաստանի Կառավարության միջեւ համագործակցությունը»,- նշել է նախարարը:


ԱԺ նիտում քննարկվել է նաեւ Հայաստանի Կառավարության եւ Բելառուսի Կառավարության միջեւ հետընդունման համաձայնագիրը վավերացնող օրինագիծը:


Փաստաթուղթը երկու երկրների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման եւ վերադարձի կազմակերպման հարցերում համակարգված քայլեր իրականացնելու հնարավորություն կտա:


Համաձայնագրով սահմանվում են կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման դիմումի ներկայացման կարգը, ձեւը, ժամկետները եւ այլն:


«Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է ԱԺ հերթական նիստում: