Իրանը միշտ հարգել է այլ երկրների տարածքային ամբողջականությունը. Իրանի նախագահը ՀՀ դեսպանին
Ապրիլի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն իր հավատարմագրերը հանձնեց ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախագահ Ռայիսին հույս հայտնեց, որ նրա գործունեության ընթացքում էական առաջընթաց կգրանցվի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, առևտուրը և այլ ոլորտները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ավագյանը նշեց, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ։
ԻԻՀ նախագահը խնդրեց նաև իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը։
Իր հերթին, Mehr գործակալությունը գրում է, որ հանդիպման ընթացքում Ռաիսին հայտարարել է, որ Իրանը միշտ պաշտպանել է ազգային ինքնիշխանության իրավունքը եւ հարգել է այլ երկրների տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ Իրանն ու Հայաստանը միշտ բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ են պահպանել։ Նա նշել է, որ Իրանը մյուս երկրների շարքում առանձնանում է իր սկզբունքային դիրքորոշմամբ ԱՄՆ-ի եւ հեգեմոն երկրների ագրեսիայի դեմ։