Անցած շաբաթվա Ազատության հրապարակում ընդդիմության շուրջօրյա հանրահավաքներն արդյունք տվեցին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողներին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Մեր գտնվելը «Ազատության» հրապարակում, քաղաքացիների հետ զրույցները, այստեղ գտնվելու պատճառների ու նպատակների վերաբերյալ մեր բացատրությունները տվել են արդյունք։ Կարծում եմ, որ առաջին փուլը՝ քաղաքացիների իրազեկումը, հաջողությամբ ավարտվել է»,- ասաց Վանեցյանը։ Նրա խոսքով, ընդդիմությանը հաջողվեց ապահովել 100 տոկոսանոց արդյունք, քանի որ մարդիկ սկսեցին հավաքվել հրապարակում՝ պատրաստ մի կողմ դնելու իրենց քաղաքական համակրանքները և պայքարելու հանուն իրենց երկրի շահերի։
«Հիմա եկել է ժամանակը, երբ մենք պետք է ավելի հստակ պահանջներով ու ձևակերպումներով վերջ տանք ներկայիս իշխանության գոյությանը քաղաքական ասպարեզում»,- ասել է ընդդիմության առաջնորդը։
Նա ընդգծել է, որ ընդդիմությունը շարունակելու է իր անժամկետ շուրջօրյա գործողությունները «Ազատության» հրապարակում։ «Սակայն այսօր սկսված պայքարի երկրորդ փուլն ավելի ակտիվ է լինելու։ Կանցկացվեն երթեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ»,- ասաց Վանեցյանը։ Նա ընդգծեց, որ հասարակության մեջ կոնսենսուս է ձեւավորվել՝ բոլորը վստահ են, որ գործող իշխանությունը ձախողվել է բոլոր ոլորտներում, խարխլվել են պետության հիմքերը։
Ընդդիմության նպատակն է, որ մարդիկ սրա պատճառով չհիասթափվեն ու ապատիայի մեջ չընկնեն, այլ սկսեն գործել, ընդգծեց Վանեցյանը։
Նրա խոսքով, ընդդիմության ապակենտրոնացված ցանցային պայքարը հասարակության պառակտման չի հանգեցնի։
«Մեզնից ոչ ոք (ընդդիմությունից - խմբ.) այս պայքարը չի մղում սեփական կամ մեր քաղաքական իշխանության շահերը առաջ տանելու համար... Ապակենտրոնացված ցանցային պայքարն ինքնին ենթադրում է ընդգծված առաջնորդի բացակայություն, համենայն դեպս, սկզբնական փուլում: Եթե հիմա փորձենք մատնանշել առաջնորդին, ապա խնդիրներ կունենանք, քանի որ հասարակության մեջ տպավորություն կստեղծվի, որ մենք այստեղ ենք որոշակի անձի իշխանության բերելու համար։ Բայց իրականում մենք նման նպատակ չենք հետապնդում»,- ասաց նա։
Իսկ ընդդիմության իրական նպատակը, վստահեցրել է Վանեցյանը, ուժեղ ու զարգացած Հայաստան, անվտանգ ու զարգացած Արցախ, քաղաքացիների անվտանգություն ապահովելն է։ «Սակայն այսօր այս հիմնական նպատակին հասնելու միջոցը իշխանափոխությունն է»,- ասաց նա։ Վանեցյանը վստահ է, որ ընդդիմությունը կկարողանա ճիշտ ժամանակին համախմբվել: