ՌԴ հատուկ բանագնացն ակտիվորեն ներգրավված է Ղարաբաղի հարցով աշխատանքներում. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցվել է նաև նրա այցը Բաքու։ Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից է աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին խաղաղ համաձայնագրի նախապատրաստման հարցում: Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն միացել է աշխատանքին, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում: Նրա այցը Բաքու համաձայնեցված է մոտ ապագայում»,- ասել է դիվանագետը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ երկխոսությունը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքների, ինչպես նաև այս առաջարկներին Երևանի կառուցողական արձագանքի վրա։
«Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնված են ղեկավարների հայտարարության մշակման անփոխարինելի փորձի վրա, որը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը տարածաշրջանում, իրական հեռանկարներ բացեց բարդ հումանիտար խնդիրների լուծման, տրանսպորտային հաղորդակցության վերականգնման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար», - ասել է Զախարովան:
Ապրիլի 14-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հատուկ նշանակության դեսպան Իգոր Խովաևը նշանակվել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։