Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրն աճել է գրեթե 13 տոկոսով. Միշուստին
2021 թվականին Ռուսաստանը և Հայաստանը նախորդ տարվա համեմատ ավելացրել են երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը գրեթե 13 տոկոսով։
Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում առաջինն է: Ուրախ եմ, որ անցյալ տարի փոխադարձ առևտուրը 2020 թվականի համեմատ աճել է գրեթե 13 տոկոսով և հասել 2,6 միլիարդ դոլարի: Հունվար-փետրվարին առևտուրն աճել է 42 տոկոսով և կազմել գրեթե 430 մլն դոլար, իսկ Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը գերազանցում է 2 մլրդ դոլարը»,- ասաց Միշուստինը։
Նրա խոսքով, Ռուսաստանը, իհարկե, շահագրգռված է երկկողմ համագործակցության ընդլայնմամբ, նոր համատեղ նախագծերի մեկնարկով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները, դեղագործությունը, ագրոարդյունաբերական համալիրը, թվային տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները և նորարարությունը։
«Կարևոր է խթանել տարածաշրջանների միջև փոխգործակցությունը, ավելի ակտիվ օգտագործել մեր փոքր և միջին բիզնեսի հնարավորությունները»,- ընդգծել է ՌԴ վարչապետը։