Պուտինը Փաշինյանին հայտնել է, որ մտադիր է իր հետ քննարկել Ղարաբաղի անվտանգության հարցերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նախատեսում է նրա հետ քննարկել, այդ թվում՝ Արցախի անվտանգության հարցեր։
«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Խնդիրները շատ են, համաձայն եմ ձեզ հետ։ Մենք անընդհատ կապի մեջ ենք ձեզ հետ: Չգիտեմ, եթե ոչ ամեն շաբաթ, ապա տասը օրը մեկ մենք անպայման խոսում ենք հեռախոսով, և հանդիպումները կանոնավոր են՝ չնայած համաճարակի ժամանակաշրջանին»,- ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ Փաշինյանի այցը համընկնում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ «Ես գիտեմ, որ դուք շատ մեծ ծրագիր ունեք՝ ավելի շատ հանդիպումներ կառավարության, Դաշնային ժողովի ղեկավարության հետ, այնուհետև ուղևորություն Նիժնի Նովգորոդ։
Նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ստորագրել: Մենք նախորդ տարիներին մեր իրավահարաբերությունների հիման վրա ստորագրել ենք 200 փաստաթուղթ, և դա լավ հնարավորություն է ստեղծում աշխատելու գրեթե բոլոր ոլորտներում։
Առաջատարներից մեկը, իհարկե, տնտեսությունն է։ 2021 թվականին մեր աճը, ըստ մեր վիճակագրության, կազմել է 12,8 տոկոս։ Իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ գումարած ևս 50 տոկոս։ Սա շատ լավ ցուցանիշ է հատկապես ներկա ժամանակներում»,- նշել է ՌԴ նախագահը։