VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը մինչ Մոսկվա մեկնելը` հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Արցախի նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրները փաստում են, թե Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ խոսել է այն մասին, որ արցախյան խորհրդարանի ընդունած հայտարարության մեջ տեղ գտած շեշտադրումներն ընդունի ի գիտություն` Մոսկվայում հանդիպումների ընթացքում եւ Արցախի հարցով մեկ միլիմետր անգամ չշեղվի դրանից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների օրվանից սկսած՝ հանրությունը քննարկում է մանդատները վայր դնելու հարցը։ Վերջին ամիսներին, երբ պարզ դարձավ, որ ընդդիմությունը խորհրդարանում բացարձակապես ոչինչ չի որոշում, եւ անգամ Սահմանադրությամբ նրան վերապահված պաշտոնները թույլ չեն տալիս զբաղեցնել, այս խոսակցություններն ավելի թեժացան։ Ի՞նչ իմաստ ունի պահել մանդատները, եթե ընդդիմությունը զրո ազդեցություն ունի որոշումների վրա, եթե նրանց ծեծում եւ վիրավորում են ԱԺ-ում, եւ նրանք ակամայից լեգիտիմացնում են Փաշինյանի իշխանությունը։ Եվ սկսեցին նրանց մեղադրել աշխատավարձի համար մանդատներ պահելու համար։ Մենք տեղեկացանք, որ փողոցային պայքարի մեկնարկը տալուց առաջ ընդդիմությունը լրջորեն քննարկել է այս չարչրկված հարցը՝ կարծիքները բաժանվել են, բայց մի փաստարկ համոզել է ընդդիմադիրներին, որ մանդատներն այս պահին չի կարելի վայր դնել։ Ո՞րն է այդ փաստարկը։ Այն, որ քաղաքական ցանկացած հարց, այդ թվում՝ իշխանության հարցը, վարչապետին անվստահություն հայտնելու հարցը լուծվելու է խորհրդարանում, քանի որ խորհրդարանն է իշխանություն ձեւավորող գլխավոր մարմինը։ Ուստի դրանք դեռ պետք է պահպանել՝ պատեհ պահին կիրառելու համար։ Մի հարակից արգումենտ էլ կա՝ փողոցային պայքարի ելած ընդդիմության անձեռնմխելիության հարցն է։ Մանդատ կրող անձանց նկատմամբ Վահե Ղազարյանի կարմիր բերետավորներն ու «Ալֆան» նկատելիորեն զգույշ են վարվում, պատգամավորները նաեւ կարողանում են իրենց ձերբակալված զինակիցներին օգնել, ինչը նույնպես այս պահին կարեւոր է։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ մանդատների հարցը քննարկվել է դեռ օգոստոս ամսից սկսած եւ քննարկվել է մեր նշած փաստարկների շրջանակներում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում թյուր կարծիք կա, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ արեւմտյան ուժերը Հայաստանը դուրս բերեն իր ազդեցության գոտուց, վճռական պահին ՌԴ-ն հայաստանյան ընդդիմության միջոցով իշխանափոխության գործընթաց կսկսի՝ արեւմտամետ Փաշինյանին հեռացնելու համար։ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մեր քաղաքական գործիչների վերջին շփումներն իրականում բոլորովին այլ բան են փաստում։ Քաղաքական գործիչներից մեկը Մոսկվայում ռուսական իշխանական շրջանակներից փորձել է ստանալ հավաստիացումներ՝ եթե իշխանափոխության գործընթաց սկսեն, աջակցություն կստանա՞ն, եւ շատ կոշտ պատասխան է ստացել։ Նրան ուղիղ տեքստով ասել են, որ չեն պատրաստվում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, չեն խոչընդոտելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Իրենց խնդիրը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում։ Եթե Հայաստանն ու հայ ժողովուրդն ուզում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եւ իրենց հողից մաս-մաս հանձնել, ապա իրենք ինչո՞ւ պետք է միջամտեն ու հարաբերություններ փչացնեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ակնարկել են, որ խաղաղության պայմանագրով եւ հարակից ակտերով կապահովվի ռուս խաղաղապահների ներկայությունը, մնացածը հայ ժողովրդի ընտրությունն է՝ ուզում եք Արցախը հանձնել, հանձնեք, ուզում եք Փաշինյան վարչապետ ունենալ՝ խնդրեմ, եթե թուրքերի ու ադրբեջանցիների առաջ երկրի դարպասներն ուզում եք բացել՝ դարձյալ խնդիր չկա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա ունենալու մասին հայտարարություններից հետո Արցախում հսկայական բողոքի ալիք է սկսվել։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք միշտ Արցախին վերաբերող տարբեր օրակարգային հարցերում ակտիվություն են դրսևորել, բայց գերադասել են մնալ ստվերում, այս օրերին Արցախի տարբեր քաղաքական ուժերի, գործիչների ու ակտիվ դեմքերի հետ հանդիպումների շարք են սկսել։ Խնդիրը հստակ է՝ ոչ մի դեպքում թույլ չտալ Արցախի հանձնում, և հենց այդ խնդրի ուղղությամբ էլ նախագահները փորձում են համախմբման գործընթաց սկսել։ Թերթի տեղեկություններով, գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ակտիվ հանդիպումների մեջ է և ամենուրեք կոչ է անում մի կողմ դնել կուսակցական շահերը և միանալ Արցախի դեմ սկսված արշավին դիմակայելու գործընթացին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ իշխանությունները փորձում են Հարությունյանին որոշակի ճնշումների ենթարկել, այդ թվում՝ կոմպրոմատների, սպառնալիքների միջոցով, քանի որ նա վերջին շրջանում որոշակիորեն կոշտ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ կամ, ինչպես արցախցիներն են ասում, «կարծես թե վերջապես խելքի է եկել»: Մեր տեղեկություններով, արցախցիները հույս ունեն, որ թեկուզ անձնական զրկանքների գնով՝ Արայիկ Հարությունյանը տուրք չի տա որևէ սպառնալիքի և ճնշումների ու չի շեղվի այն օրակարգից ու սկզբունքներից, որոնք ձևավորված են Արցախում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է հայ ժողովրդին «պատրաստել» խաղաղության դարաշրջանին, այդ առաքելությունը վերապահվել է ուժային կառույցներին։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ օրերս մեծ հավաք է կազմակերպվել ոստիկանությունում, ու ղեկավար կազմից հանձնարարականներ են իջեցրել իրենց՝ առ այն, որ գյուղերում, քաղաքներում տեղի իրավապահները պետք է հայտնաբերեն ակտիվիստներին, այն անձանց, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել Փաշինյանի որդեգրած կուրսի հետ կապված։ Ասենք, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո կարող են բողոքի օջախներ առաջացնել։ Ոստիկանությանը հրահանգվել է նման մարդկանց հետ «աշխատանքներ» տանել, բնականաբար՝ ոստիկանական մեթոդներով։ Բացատրել, թե ինչքան կարեւոր է խաղաղությունը, եւ հասկացնել, որ ոչ մի պարագայում չի կարելի խոչընդոտել այդ գործընթացին։ Իսկ ով չհասկանա, ավելի «հասկանալի» մեթոդներով բացատրել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախագահ ընտրվելու հետ կապված՝ Վահագն Խաչատուրյանի հրաժարականից հետո ԲՏԱ նախարարի պաշտոնը տևական ժամանակ թափուր է: Կառավարության «կուլիսներում» խոսում են, որ «քայլողների» շարքերում այդ պաշտոնին համապատասխան գրագետ, «խելքը գլխին» թեկնածու չկա։ Մյուս կողմից՝ հնարավոր չի լինում «դրսից» նախարար նշանակել, քանզի, «Փաստ» թերթի տեղեկություններով, ոլորտից գաղափար ունեցողները կտրուկ հրաժարվում են ինչ-որ կերպ ասոցացվել այս իշխանության հետ և պատասխանատվություն կիսել։ Այստեղ առկա է մի քանի հանգամանք: Նախ՝ սա պայմանավորված է ֆինանսական գործոնով, քանի որ պրոֆեսիոնալ և ոլորտում կայացած մարդիկ բավականին լուրջ եկամուտներ ունեն, և ստացվում է, որ հա՛մ իրենց եկամուտներից են զրկվում, հա՛մ վարկաբեկվում են այս իշխանության հետ ճանապարհ անցնելով։ Երկրորդ՝ նրանց աչքի առջև է թեկուզ հենց Հակոբ Արշակյանի դառը փորձը, որը ժամանակին աշխատում էր ՏՏ ոլորտում, քիչ թե շատ պրոֆեսիոնալ էր համարվում և ուներ որոշակի հեղինակություն ոլորտում։ Այնինչ, դառնալով քաղաքական թիմի ու կառավարության անդամ (ԲՏԱ նախարար), շատ արագ վարկաբեկվեց՝ պրոֆեսիոնալից դառնալով շարքային քաղաքական գործիք։ Եվ երրորդ՝ նշյալ անձինք, լինելով գիտակից մարդիկ, հասկանում են, որ ներկա տուրբուլենտ փուլում Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալը գնալով անհավանական է դառնում, ուստի չեն ցանկանում դառնալ պատմության ամենակարճաժամկետ պաշտոնավարած նախարարը: Մի խոսքով, արդյունքում ԲՏԱ նախարարությունը մնացել է «անտերուդուս» վիճակում, այսինքն, բարձիթողի վիճակում է մի ոլորտ, որը Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից իբր թե համարվում էր տնտեսության «լոկոմոտիվը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ անհանգստացած լինելով ապրիլի 5-ի հանրահավաքի մարդաշատությունից, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի՝ պայքարի մեծ ալիք սկսելու նախաձեռնությունից, իշխանությունների կողմից իրենց «շարքերին» հրահանգ է իջեցված վարկաբեկման նոր արշավ սկսել ընդդիմադիրների և նրանց գործողությունների դեմ, ինչպես նաև հնարավորինս «մաքրել» Նիկոլ Փաշինյանի արած ու սպասվող քայլերը, որոնց դեմ էլ հենց կայանում է իրապես ընդդիմադիր ուժերի և, ընդհանրապես, Հայաստանի ու Արցախի ապագայով մտահոգ քաղաքացիների կոնսոլիդացիան: Եվ ահա, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այս «թեմայի մեջ» երկու նոր հանձնարարական է իջեցվել, որը կյանքի կոչելու գործում հատկապես ներգրավվելու են իշխանամերձ քաղաքական շրջանակները: Նախ՝ որոշ իբր հականիկոլական ուժեր, իսկ իրականում այս իշխանությունների օրակարգը սպասարկողները ամեն ինչ անելու են հասարակությանը համոզելու, թե «սաղ սուտ է», իրական պայքարողը միայն իրենք են՝ այդպիսով փորձելով կոտրել հականիկոլական ընդվզման թափը: Երկրորդ՝ այս ամբողջ ընթացքում ակնհայտ նիկոլապաշտությամբ աչքի ընկած ուժերի ներկայացուցիչները պարբերաբար հրապարակ են նետելու թեզ, թե Նիկոլին հեռացնելով՝ ոչինչ փոխել հնարավոր չի լինի, ադրբեջանցիները հետ չեն գնա Հայաստանի ինքնիշխան տարածքից, Շուշին ու Հադրութը հետ չենք բերի, Արցախի հարցը չի լուծվի, և այլն, և այլն: Այսինքն, խնդիր է դրված ակնհայտ սուտ, մանիպուլ յացիոն թեզերով հասարակության մեջ ձևավորել ապատիա, անհուսություն, ինչը միանգամից երկու խնդիր է լուծում՝ առաջին հերթին ընդդիմադիր շարժման ալիքը թուլացնելու, երկրորդ հերթին՝ հիմքեր ստեղծելու՝ արդարացնել Փաշինյանի ապագա զիջումները՝ «այլ տարբերակ չկար» կեղծ թեզի ներքո»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: «Կարեւորել զինծառայողներով համալրված եւ «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու եւ համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում»,- նշվում է երեկ շրջանառության մեջ դրված նախագծում: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր եւ մյուս պետական պաշտոնյաների պահպանության հարցն այնքան էլ չի վստահում ԱԱԾ-ին եւ այն վերցնում է իր անմիջական ենթակայության ներքո։ Ներկայացված նախագծում այլ ուշագրավ փոփոխություններ էլ են առաջարկվում։ Օրինակ՝ առաջարկում են, որ պաշտոնաթող նախագահներին տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անձնական պետական պահպանության ժամկետը կրճատվի․ գործող օրենքով պաշտոնաթողները ցմահ պահպանության տակ են, նոր նախագծով առաջարկվում է 7 տարի ժամկետով, «որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել կառավարության սահմանած կարգով»:
Բացի այդ, հանել հետեւյալ պահանջը․ «Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից»։ Այսինքն, ուզում են օրենքով սահմանել, որ պահպանությունից օգտվող անձինք իրենց կամքով, իրենց դիմումի համաձայն կարողանան հրաժարվել պետական պահպանությունից։ Նախագծով առաջարկվում է նաեւ․ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով հանրապետության նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կառավարության սահմանած կարգով) եւ այն տարածել նաեւ Ազգային ժողովի նախագահի վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունը «հետողորմյա» է անում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի բոլոր «հեղափոխական» համարվող կետերը։ Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի մի շարք կետեր ճանաչել էր Սահմանադրությանը հակասող: Եվ, ահա, 2021թ. հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍՆ-ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում հանրային քննարկման ներկայացրեց օերնքի «խմբագրված» տարբերակը, սակայն այս անգամ ունքն ուղղելու տեղը աչքն էլ հանեցին: Մասնավորապես, բուհի կառավարման խորհրդին իրավունք է վերապահված ընտրելու ռեկտորի մինչեւ երեք թեկնածու եւ ներկայացնելու նախարարի հրամանագրմանը: Թե ինչ չափանիշներով է նախարարը ընտրելու ռեկտորի միակ թեկնածուին, օրենքը չի հստակեցնում: Արդյունքում ռեկտորները նշանակվելու են բացառապես ԿԳՄՍ նախարարի «ճաշակով»: Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ օրենքում փոփոխություններ են կատարվել նաեւ հանրային քննարկման ներկայացվելուց հետո: Մասնավորապես, կառավարման խորհուրդներում քաղաքական դեմքեր եւ պաշտոնյաներ ներգրավելու արգելքը եւս հանվել է: Հիշեցնենք, որ այս կառավարությունը ապաքաղաքական կառավարման խորհուրդներ ունենալու բուհերի կարողությունը համարում էր սույն օրենքի «հեղափոխություններից» մեկը: «Հեղափոխական» էին համարվում նաեւ բուհի կողմից կատարվող գնումների սեփական ընթացակարգը մշակելու ու հաստատելու, իրեն տրամադրված գույքի եւ այդ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները տնօրինելու իրավունքները: Սակայն այս կարեւոր եւ բուհերի ինքնավարության մեծացմանը նպաստող դրույթները եւս ԿԳՄՍՆ-ն «հետողորմյա» է արել: Ստացվում է որ հեղափոխությունը, ինչպես մեր երկրի բոլոր ոլորտներում, կրթության ոլորտում եւս ֆիասկո ապրեց>:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլեւս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանությունները եւ հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Հիմնականում աչքի է զարնում տարբեր պաշտոնյաների սերն առ թանկարժեք ավտոմեքենաներ։ Պարզվում է՝ թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ թուլություն ունեն ոչ միայն ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը, այլեւ ավելի ցածր կալիբրի պաշտոնյաները, օրինակ՝ Իջեւանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։ Սակայն ուշագրավ է, որ Իջեւանի համայնքապետարանի գնումների տեղեկագրի մեջ այս մասին ոչ մի ինֆորմացիա չկա, եւ, առհասարակ, 2020-ից այս կողմ որեւէ գնման մասին տեղեկություն չկա։ Այնինչ բոլոր գնումները պետք է հրապարակվեին, քանզի որեւէ իշխանություն հանրային միջոցների ծախսը չպետք է թաքցնի հանրությունից, առավել եւս՝ արդարության մասին լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ականները։
Իջեւանի ավագանու նիստերի հրապարակված արձանագրությունների մեջ կարելի է տեսնել, որ համայնքի ավագանին թույլատրել է վաճառել համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես Ս500» մակնիշի ավտոմեքենան, համայնքի հաշվեկշիռ է ընդունել նվեր ստացած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, սակայն ոչ մի խոսք «Տոյոտա Պռադոյի» մասին։ Այսինքն, անգամ եթե նվիրատվություն է, պետք է համայնքի ավագանու նիստում դա ներկայացվի, եւ այն գրանցվի որպես համայնքային գույք։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչու է հանրությունից թաքցվում գնված թանկարժեք ավտոմեքենան։ Մենք զանգահարեցինք Իջեւանի քաղաքապետի մամուլի խոսնակին, ով մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքապետ Արթուր Ճաղարյանը, իրոք, 2021 թվականի օգոստոսի 2-ին ձեռք է բերել TOYOTA LC 150 4.0 GAS 2013 թվականի «Պռադո» ավտոմեքենա: Այն հարցին, թե ինչու համայնքապետարանի գնումների տեղեկագրում կամ ավագանու որոշումների մեջ նշված չէ այս մասին, եւ ինչն է պատճառը, որ մի քանի մոդել ցածր ավտոմեքենան նորով է փոխարինվել, քաղաքապետի խոսնակն ասաց, որ հարցերն ուղղենք գրավոր: Նշենք, որ վերոնշյալ ավտոմեքենայի արժեքը սկսվում է 30 հազար դոլարից»: