ՔՊ-ին չեն մտահոգում Ազատության հրապարակում ընդդիմության գործողությունները
Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմության կողմից սկսված շուրջօրյա ակցիաները իշխող թիմին չեն մտահոգում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը՝ մեկնաբանելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի` «Ազատության» հրապարակում նախօրեին նախաձեռնած ակցիան:
«Պարոն Վանեցյանը գուցե փորձում է կրկնել 2018 թվականին տեղի ունեցածը: Կարծում եմ՝ սա առնվազն լուրջ չէ»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր իսկապես մտահոգված են Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակով, Ազատության հրապարակում անելիք չունեն: Հակոբյանը վստահ է, որ եթե ընդդիմությունն իսկապես լուծումներ ցանկանար, ապա «իշխող ուժի հետ միասին կփնտրեր այդ լուծումների ուղիները»։
Հակոբյանին չի շփոթեցրել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ընդդիմության գործողություններին մասնակցելը, որոնք համապատասխան պաշտոններ են զբաղեցրել ներկայիս իշխող թիմի օրոք։ Նա միայն նշեց, որ երկու գործիչներն էլ «պաշտոններից զրկվելուց անմիջապես հետո սկսել են աշխատել ընդդիմադիր ճամբարում, թեև պաշտոնավարման ընթացքում երբեք իրենց անհամաձայնությունը չեն հայտնել իշխանությունների հետ»։