26.11.2024
Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքները
prev Նախորդ նորություն

Հարատև խաղաղության կողմնակիցն ենք, սակայն չենք հրաժարվի ինքնորոշման իրավունքից․ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։


Երկրի ղեկավարը նախ ներկայացրել է Հանրապետության ռազմաքաղաքական վերջին զարգացումները, ապա նշել այն հիմնական անելիքները, որոնք, ստեղծված իրավիճակի տրամաբանության համաձայն, պետք է իրականացվեն պետական կառավարման համակարգում։


«Մենք կայուն եւ հարատեւ խաղաղության կողմնակիցն ենք, սակայն մենք չենք կարող սակարկել մեր ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով ինքնորոշման իրավունքից»,- ասել է նախագահը եւ ավելացրել, որ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները, անհրաժեշտության կարգով կառավարության օրակարգում կկատարվեն մի շարք փոփոխություններ։


Նախագահ Հարությունյանի խոսքով՝ քաղաքական ուժերի հետ առաջիկայում քննարկումներ կսկսվեն միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու ուղղությամբ, որը նախ եւ առաջ հիմնված կլինի Արցախի առջեւ ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերներից սպասվող ռիսկերից։


«Խոսքը չի վերաբերում կոալիցիոն կառավարություն ձեւավորելուն։ Բայց բոլորս հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն։ Ուստի հորդորս է նաեւ կառավարության բոլոր անդամներին, մեր հանրության բոլոր շրջանակներին՝ թեւ ու թիկունք կանգնենք միմյանց, որպեսզի կարողանանք հաջողությամբ հաղթահարել մեր պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները»,- ընգծել է երկրի ղեկավարը։


Արայիկ Հարությունյանը նշել է նաեւ, որ Կառավարությունն անցնում է ֆինանսական միջոցների խիստ խնայողությունների, ինչը սակայն չի նշանակում, որ հաստատված ծրագրերը չեն իրագործվելու։


Նիստի ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։