VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ընտրությունները կարող են առանձնանալ անհավանական դաշինքներով։ Տեղեկություններ կան, որ, օրինակ,
Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը մտադիր է աջակցել
Արթուր Բաղդասարյանի կուսակցին՝
Հովհաննես Մարգարյանին։ «Համախմբում» կուսակցության վարչության անդամ
Ստեփան Մարգարյանը մեզ հայտնեց. «Վերջնական որոշում կկայացնի տեղական մարմինը՝ համաձայնեցնելով վարչության հետ, իսկ որոշում դեռ չի կայացվել»։ Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ ԳԱԼԱ-ին աջակցելու որոշում են կայացրել ՀԱԿ-ը եւ «Լուսավոր Հայաստանը», իսկ «Քաղաքացիական պայմանագիրը», հավանաբար, հանդես կգա մենակ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի վերջին նիստում, մեր տեղեկություններով, Հայաստանի մասով կարեւոր համաձայնություն է կայացել։ Բանն այն է, որ ԵԱՏՄ տարածքում բավականին բարդ գործընթաց է ազատ տնտեսական գոտի ստեղծելը, եւ պայմանավորվածություն կա այլեւս նման տարածքներ չհիմնել։ Հայկական կողմը վերջին պահին կոնսենսուսային տարբերակով համաձայնություն է ստացել ազատ տնտեսական գոտի հիմնել Սյունիքի մարզում, Մեղրու տարածաշրջանում՝ Իրանի սահմանին։ Դա հնարավորություն կտա դրսից ներդրումներ բերել, արտադրանք տալ ու առանց մաքսատուրքի արտահանել։ Այսինքն՝ ազատ առեւտրի գոտու ստեղծումը հնարավորություն է ե՛ւ ներդրումներ բերելու ենթակառուցվածքային ծրագրերում, ե՛ւ նոր արտադրություններ հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, ե՛ւ ավելացնելու արտահանումը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս Գյումրու ավագանու որոշմամբ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ
Գաբրիել Ջամբարջիին եւ նույն հիմանդրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Լեւոն Սարգսյանին շնորհվեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներ: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչու վերջինս առաջարկեց հենց նրանց թեկնածությունը: «Նախ կուզենայի նշել, որ պատվավորի կոչմանը առաջարկելը միայն իմ նախաձեռնությունը չէ, այն արտահայտում է բազմահազար գյումրեցիների՝ արվեստի բնագավառի մարդկանց ցանկության եւ երախտագիտության արտահայտություն այն նշանակալից գործերի համար, որ կատարվել է Գյումրիում: Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը շուրջ մեկ տասնամյակ ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս մեծ ներդրում ունի կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության «առողջապահության» համայնքների զարգացման եւ այլ ոլորտներում: Հանրության լայն շրջանակներին հայտնի են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, որոնց անմասն չեն մնացել Շիրակի մարզն ու մասնավորապես Գյումրի քաղաքը»,- պարզաբանեց տիկին Ավդալյանը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էջմիածինցի
Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, չնայած «համաքաղաքացիների խնդրանքներին», չի առաջադրվի քաղաքապետի ընտրություններում, բայց մտադիր է մասնակցել 2017-ի ԱԺ ընտրություններին։ Ո՞ր կուսակցության հետ։ «Որի հետ իմ գաղափարները կհամապատասխանեն, որ կուսակցությունը ցանկություն կհայտնի ինձ տեսնել, կհասկանա, որ մենք կարող ենք իրենց օգուտ տալ, ես էլ կգտնեմ, որ իմ գաղափարակիցներն են։ Ռեյտինգային ցուցակ է, ու երեւում է, թե ժողովուրդն ինչքանով է ցանկանում, որ դու դառնաս պատգամավոր»»։