23.11.2024
Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Փարիզ- Երևան- Փարիզ երթուղով
prev Նախորդ նորություն

Լաչինի միջանցքի և ապաշրջափակման միջև զուգահեռներն անընդունելի են. Փաշինյան

Ադրբեջանը խեղաթյուրում է տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման, Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող ճանապարհի ակտիվացման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ պարբերությունը։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Այդ կետը, հիշեցրել Հայաստանի վարչապետը, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնման Ադրբեջանի Արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող ճանապարհի գործարկման մասին է: «Դուք տեղյակ եք, որ Հայաստանը այս թեմայով համապարփակ առաջարկություններ է ներկայացրել: Չմտնելով մանրամասների մեջ, ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետեւյալն է. վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային եւ այլ հսկողություններ», - ասել է նա:


Վարչապետ Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը Հայասանի այս դիրքորոշումը եւ ընդունում է, եւ չի ընդունում: «Եւ սա արտահայտվում է հետեւյալում. նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաեւ Լաչինի միջանցքում եւ այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը», - ասել է նա:


Այս խոսույթը նա անհիմն է որակել երկու պատճառով. նախ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որեւէ տարածքի եւ դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: «Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլեւ տարածք, որն ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը, ըստ եռակողմ հայտարարության, գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որեւէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի: Եւ հետո, Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի զուգահեռները տարօրինակ են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջեւանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Թուրքիայի տարածքով: Օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի եւ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով», - նկատել է Նիկոլ Փաշինյանը:


Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով եւ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից որեւէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում:


«Մենք կրկին անգամ արձանագրում ենք. Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որեւէ միջանցքի գոյություն չի նախատեսում եւ Հայաստանը չի ընդունել եւ չի ընդունելու միջանցքային որեւէ տրամաբանություն:


Մյուս կողմից մենք պատրաստ ենք մեր առաջարկների շրջանակներում բացել ճանապարհը եւ երկաթուղին: Կառուցել ճանապարհ եւ երկաթուղի, բայց անհրաժեշտ ենք համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ, որովհետեւ մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի ե՛ւ ճանապարհը, ե՛ւ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եւ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չի կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները եւ Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար:


Այսօր մենք ինչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը եւ սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, և մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին: Մեր գրավոր առաջարկներն, ի դեպ, մենք փոխանցել ենք նաեւ մեր մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար մեր առաջարկները տրամաբանական են, ընդունելի և հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը», - հայտարարել է Փաշինյանը: