ՌԴ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական զինուժի կողմից Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը խախտել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում զինադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները։
«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի` Լեռնային Ղարաբաղի տարածքը և ստեղծել դիտորդական կետ»,- ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ տեղեկագրում:
Հաղորդվում է, որ Բայրաքթար-ՏԲ 2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փարուխ բնակավայրի տարածքում։
«Ներկայումս ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերը իրենց սկզբնական դիրք վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել»,- ասվում է հաղորդագրությունում։
Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախումբը չորս երթուղիներով պարեկություն է իրականացրել Ասկերանի, Մարդակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում։
Մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Փարուխ գյուղը։
Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կորցրել է առնվազն 5 զինծառայող։
Ստեփանակերտի տեղեկություններով՝ հակառակորդի կողմից Բայրաքթարի կիրառման արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 3 պայմանագրային զինծառայող է զոհվել։ Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ ՊԲ 14 զինծառայող ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։