Փարուխի և Քարագլխի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն անհաջող հարձակման փորձ է կատարել. Բեգլարյան
Մարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ:
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բերգլարյանը:
«Արցախի զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով: Ադրբեջանական ԱԹՍ հարվածներից երեկ ունեցել ենք 3 զոհ և 15 վիրավոր, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ:
Երեկ այցելել եմ Խրամորթ գյուղ, այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, իսկ տրամադրությունը՝ պատշաճ: Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում, և ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ: Ակնկալում ենք, որ ռուսական ջանքերով ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր և այլևս խախտումներ չեն կատարի ընդդեմ Արցախի ժողովրդի անվտանգության և ՌԴ երաշխիքների:
Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում և պատրաստ դիմակայելու զանազան մարտահրավերների», - ասված է նրա գրառման մեջ:
Մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Փարուխ գյուղը։
Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կորցրել է առնվազն 5 զինծառայող։
Ստեփանակերտի տեղեկություններով՝ հակառակորդի կողմից Բայրաքթարի կիրառման արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 3 պայմանագրային զինծառայող է զոհվել։ Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ ՊԲ 14 զինծառայող ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։