21.11.2024
Արցախի նախագահը դիմել է Վլադիմիր Պուտինին և խնդրել ավելացնել ռուս զինծառայողների քանակը
prev Նախորդ նորություն

Դեսպան Մակունցը ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Արցախում լարվածության աճը

Մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն ու զարգացումները, տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։


Կողմերը քննարկել են նաև գազի մատակարարման խաթարման արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները։



Մարտի 25-ին Մակունցը նաև հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։


Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, մասնավորապես՝ մարտի 24-ին Արցախի Փարուխ գյուղ ներխուժումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարումը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։


Դեսպան Մակունցն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում։


Մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Փարուխ գյուղը։ 


Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կորցրել է առնվազն 5 զինծառայող։


Ստեփանակերտի տեղեկություններով՝ հակառակորդի կողմից Բայրաքթարի կիրառման արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի 3 պայմանագրային զինծառայող է զոհվել։ Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ ՊԲ 14 զինծառայող ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։