22.11.2024
Ռումինիայում ՀՀ դեսպանությունը օգնում է Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին
prev Նախորդ նորություն

Կառավարությունը դիտարկում է ՌԴ հետ դրամով առևտրի հնարավորությունը. Քերոբյան

Հայաստանի և Ռուսաստանի կենտրոնական բանկերն աշխատում են ռուբլի-դրամ «սվոփ» կնքելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանի արտահանողները կարողանան հայկական դրամով գնանշել իրենց ապրանքը և ռուս գործընկերներին ապրանքը վաճառել դրամով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:


"Հայաստանի արտահանողները ռիսկեր են տեսնում ռուբլիով արտահանում իրականացնելու մեջ",- ասաց նա: 

Նախարարի խոսքով, նախարարությունը ռուս-ուկրաինական սրման առաջին իսկ օրվանից աշխատում է արտահանողների հետ, խնդիրները գույքագրվում են, որոնց մեծ մասն արդեն լուծվել է: Իսկ մեծ խնդիրները, հավաստիացրեց Քերոբյանը, կառավարության որոշումների նախագծերի տեսքով շրջանառության մեջ են:

Նախարարը նաև նշեց հիմնական խնդիրները.


"Օրինակ, բազմաթիվ արտահանողներ ժամանակավոր դրամային հոսքերի խզում ունեն՝ խոսքն այն պայմանագրերի մասին է, որոնք ԱՄՆ դոլարով էին, քանի որ այժմ վճարման հետ կապված դժվարություններ կան: Իսկ այն պայմանագրերը, որոնք ռուբլիով էին, դեբիտորական պարտքի էական արժեզրկման կապակցությամբ ևս արտահանողներին խնդրի առաջ էին կանգնեցրել՝ արժեզրկմամբ պայմանավորված: Մենք հիմա փորձելու ենք որոշման նախագծով թթվածին տալ արտահանող ընկերություններին, որպեսզի իրենք իրենց կանխիկ հոսքերի ժամանակավոր խզումը կարողանան լուծել», - ասաց Վահան Քերոբյանը:


Հարց հնչեց՝ այդ դեպքում ինչո՞ւ է կառավարությունը մաքսավճարներ սահմանում, եթե հայտարարվում է, որ պետության քաղաքականությունն է հնարավորինս աջակցել արտահանմանը։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով, կարիք չկա այդ հարցը վերանայելու.


«Աշխարհում է այդպես՝ պետք է արտահանման գործարքները հաշվարկվեն, որոշ դեպքերում ստուգվեն, իսկ 1 մլնից վերև կարելի է չհամարել փոքր և միջին ձեռնարկատիրության գործարքներ: Կարիք չենք տեսնում այդ սահամանափակումը վերացնել»։