Որքան մակերես է մաքրել ՀԱՓԿ-ը Դամասկոսի արվարձանի Դարայա շրջանում
Սույն թվականի մարտի 16-17-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի (ՀԱՓԿ) տնօրեն Վաղինակ Սարգսյանն այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոսի արվարձանի Դարայա շրջանում իրականացվող «ՀԱՓԿ»-ի ականազերծման խմբին։
Այցի նպատակն էր գնահատել ընթացիկ գործունեությունը և պլանավորել հետագա գործողությունները:
Տնօրենը հանդիպում է ունեցել ծրագրի ղեկավար կազմի, գործառնական անձնակազմի, ինչպես նաև դաշտում աշխատող օպերատորների հետ, ովքեր մաքրման աշխատանքներ են իրականացնում պայթուցիկ զինամթերքով աղտոտված տարածքներում:
2021 թվականի դեկտեմբերի 6-ից ի վեր ենթամակերեսային մաքրման է ենթարկվել ավելի քան 124 300 քմ և մակերեսային մաքրման՝ 330 600 քմ տարածք, ինչպես նաև հայտնաբերվել և նշագրվել է 142 միավոր պայթուցիկ զինամթերք հետագա ոչնչացման նպատակով:
Սիրիա կատարած այցի շրջանակում համակարգման նիստ է տեղի ունեցել Միացյալ ազգերի ականազերծման ծառայության (ՄԱԿԱԾ), Միացյալ ազգերի ծրագրերի իրականացման (ՄԱԿ ԾԻԳ) գլխավոր գրասենյակի պատվիրակության՝ ի դեմս Ծրագրերի, պլանավորման և կառավարման ղեկավար Ստեֆեն Փրիթչարդի, ՄԱԿ ԾԻԳ-ի խաղաղության և անվտանգության փոխտնօրեն Սալման Հաքի, ՄԱԿ ԾԻԳ-ի պորտֆոլիոյի և ՄԱԿԱԾ-ի Սիրիայի արձագանքման ծրագրի ավագ մենեջեր Ջոնաս Գաուդարիի, Հակաականային ծրագրի ղեկավար Ջեիվդ Հաբիբուլհաքի և Գործողությունների ղեկավար Արտյոմ Հարությունյանի հետ համատեղ: Դեկտեմբերի 17-ին ՄԱԿԱԾ-ի և ՄԱԿ ԾԻԳ-ի գլխավոր գրասենյակի պատվիրակությունն այցելել է «ՀԱՓԿ»-ի աշխատանքային տեղամաս, որտեղ այցելուներին ներկայացրել և ծանոթացրել են իրականացված գործունեության հետ:
ՄԱԿԱԾ-ի և ՄԱԿ ԾԻԳ-ի գլխավոր գրասենյակի պատվիրակությունը բարձր է գնահատել «ՀԱՓԿ»-ի ծրագրի ղեկավարության և ականազերծողների իրականացրած հակաականային գործունեությունը: