Աշխատում ենք Երասխ-Ջուլֆա-Հորադիզ երկաթուղու մասին համաձայնագրի ամրագրման ուղղությամբ. ԱԳՆ
Ընդհանուր պատկերացում կա այն մասին, որ ապաշրջափակման ենթակա բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները գործելու են այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության շրջանակներում, որտեղով անցնում են։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ներկայացնելով կառավարության 2021 թվականի հնգամյա ծրագրի կատարման ու արդյունքների հաշվետվությունը, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով, հայկական կողմի գործունեության կարևոր ոլորտը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ապահովման աշխատանքն է։ Նախարարը հակիրճ ներկայացրել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ անցած տարի անցկացվել է խմբի 8 նիստ, ձևավորվել են փորձագիտական ենթախմբեր՝ ենթակառուցվածքների, մաքսային, սահմանների և այլնի հարցերով։ Աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքը Երասխ-Ջուլֆա-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումն էր։ «Հիմա աշխատանքներ են տարվում այս համաձայնագրի դե յուրե ամրապնդման ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը։