25.11.2024
«Ֆիտչ»-ն ու «Մուդիս»-ը վերահաստատել են ՀՀ-ին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշը. նախարար
prev Նախորդ նորություն

ՎԶԵԲ-ը 20 մլն եվրոյով կֆինանսավորի «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը

Մարտի 21-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:


ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորման չափը կազմում է 20 մլն եվրո, իսկ վարկի ժամկետը սահմանվում է 15 տարի:


Նշվել է, որ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել եւ Երեւանի քաղաքապետարանին է տրամադրվել Երեւան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն՝ երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ: Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2019թ. գարնանը քննարկել է ՎԶԵԲ-ի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակներում: Նախնական գնահատմամբ՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:


Հիմք ընդունելով ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ ձեռք բերված նախնական համաձայնությունը ավտոբուսների ձեռքբերման առաջին փուլի ֆինանսավորման համար (25 մլն եվրո, որից 20 մլն եվրո ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ) եւ տրանսպորտային բարեփոխումների անհետաձգելիությունը՝ Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով:


Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021թ. մարտի 31-ը: Ներկայումս ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում:


Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի համար կարող է առաջացնել լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:


Ծրագրի նպատակն է՝ ապահովել Երեւան քաղաքում գործող տրանսպորտային ցանցի բարելավման առաջնահերթությունը, քաղաքացիների անվտանգ ուղեւորափոխադրումները, ինչպես նաեւ բարելավել ուղեւորափոխադրումների սպասարկման որակը, վերահսկողության մակարդակը, արդյունավետության ու մատչելիության բարձրացումը:


Բանախոսը պատասխանել է պատգամավորների հարցերին: Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: