ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 17-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ֊ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ: Այս համատեքստում, որպես համագործակցության զարգացման արդյունավետ գործիք, կարևորվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը։
«Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություներին ունեցած մասնակցությանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրմանը:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։
Արարատ Միրզոյանը և Միրչա Ջոանան նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է անցած 30 տարիների ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռնակարներին ու հնարավորություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի: