24.11.2024
ՀայՓոստը շարունակում է իրականացնել առաքումները դեպի 178 երկրներ
prev Նախորդ նորություն

Կընդլայնվի ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացողների շրջանակը

Մարտի 4-ին խորհրդարանը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:


Քվեարկությունների ավարտից հետո Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի, Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Գեւորգ Պապոյանը նշել է, որ ԲՈւՀ-երն իրենց միջոցների հաշվին տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով` ըստ առաջադիմության, փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձը: Միեւնույն ժամանակ բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին փոխհատուցում է ուսման տարեկան վարձը` հիմք ընդունելով ուսանողների առաջադիմությունը:


«ԲՈւՀ-ը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով, իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում»,-ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի համաձայն՝ եկամտային հարկով հարկման բազայի որոշման նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում ԲՈւՀ-ի ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսի՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները, իսկ մեկ այլ հոդվածի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով ծախսեր են համարվում ԲՈւՀ-ի ուսանողական համակազմի մինչեւ 10-ը տոկոս ծառայության մատուցման հետ կապված ծախսերը:


Պատգամավորի խոսքով՝ եթե ԲՈւՀ-ը կարիք ունենա 20 կամ 30 տոկոսի չափով զեղչեր կատարել, ապա Հարկային օրենսգրքով սահմանված` 10 տոկոսից ավելի չափի համար չի օգտվի շահութահարկի եւ եկամտային հարկի հարկման բազան իջեցնելու արտոնությունից:


Ուստի, հեղինակներն առաջարկում են Հարկային օրենսգրքով սահմանված բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոս շեմը բարձրացնել մինչեւ 20 տոկոս:


Ըստ նախաձեռնության հիմնավորման՝ դրա ընդունումը հնարավորություն կտա 2016թ. ապրիլյան եւ 2020թ. 44-օրյա պատերազմներին մասնակցած եւ ուսանող համարվող էլ ավելի շատ թվով քաղաքացիների տրամադրել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:


Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:


Կառավարության դրական դիրքորոշումը բարձրաձայնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նա կոչ է արել պատգամավորներին կողմ քվեարկել նախաձեռնությանը: