Հայաստանի հարևաններն ունեն իրենց շահերը, և այդ շահերը միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր Արմեն Ռուստամյանի այն հարցը, թե Հայաստանի իշխանություններն ընդունելի՞ են համարում Շուշայի հռչակագիրը։
Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններում ներկայիս իշխող ուժը հայտարարեց, որ գնալու է տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհով, և Հայաստանի ժողովուրդը ՔՊ-ին վստահեց այս ծրագրի առաջմղման հնարավորությունը։ Ընտրությունների արդյունքում իշխանության գալով՝ իշխող ուժը մշակել է խաղաղության դարաշրջան հաստատելու օրակարգ և «ունի դրա իրականացման սեփական մարտավարական մոտեցումները»։ «Մարտավարական մոտեցումների նկատառումներից ելնելով` մենք իրականացնում ենք այն գործողությունները, որոնք իրականացնում ենք»,- ասաց Արսենյանը։
Ռուստամյանը մասնավորեցրեց հարցը. «Հայաստանի ժողովուրդը ձեզ իրավունք է տվել համաձայնել Շուշիի հռչակագրին, թե՞ ոչ»։
Արսենյանը նշեց. «Իսկ ո՞վ է ձեզ ասել, որ մեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը որևէ դեր ունի մյուս երկու երկրների համաձայնագրերում։ Ես շատ պարզ պատասխանեցի՝ մենք Հայաստանի իշխանություններն ենք, և իրականացնում ենք այն քաղաքականությունը, որը նպատակահարմար ենք համարում և որն օգտակար ենք համարում մեր նպատակներին հասնելու համար։ Իսկ մեր նպատակը խաղաղություն հաստատելն է»։
Նշենք, որ քիչ առաջ ինքը՝ Արսենյանը, հայտարարել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն 8 ամիս առաջ հայտարարություն ու մեկնաբանություններ է տարածել «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ, իսկ ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծն այս հայտարարությունների հիմնական թեզերի կրկնությունն է։
Նա նաեւ հայտարարեց, որ արտաքին գործերի նախարարությունն ու Ազգային ժողովը պետք է միասնական արտաքին քաղաքականություն վարեն։ Միաժամանակ անհասկանալի է մնում, թե այս դեպքում ինչո՞ւ հնարավոր չեղավ ընդունել ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը։ Իսկ թե ինչ պատճառով Արսենյանը, մեկնաբանելով Ռուստամյանի հարցը, վախեցավ վերարտադրել ԱԳՆ հայտարարության հիմնական թեզերը, որոնք, իր իսկ խոսքերով, «կրկնվել» էին ներկայացված հայտարարության նախագծում։