24.11.2024
Իշխանությունն իրականացնում է այն քաղաքականությունը, որը նպատակահարմար է համարում. Արսենյան
prev Նախորդ նորություն

Արսենյանը՝ «Շուշիի հռչակագրի» մասին. Բացի վավերացումից, էական ոչինչ տեղի չի ունեցել

«Շուշիի հռչակագիրը» միայն վավերացվել է, Հայաստանի համար էական ոչինչ չի փոխվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։


Նման հայտարարության պատճառը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցն էր։ Պատգամավորը, մասնավորապես, նշել է, որ Արսենյանի` պատգամավորների հարցերին տրված մեկնաբանություններից և պատասխաններից ելնելով՝ հետևյալ եզրակացության են հանգում. հռչակագրի վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը իշխանությունը խաղաղության հաստատման գործընթացի սպառնալիք է դիտարկում։ Նա հարցրեց, թե արդյոք ՔՊ-ն այդ հռչակագրի բովանդակությունն ինքնին սպառնալիք չի՞ համարում տարածաշրջանում խաղաղության համար։


Արսենյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ վերոնշյալ հռչակագրի ստորագրումից անմիջապես հետո ԱԳՆ-ն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Դրանից հետո, շարունակեց նա, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ չեն եղել: «Մինչ օրս ոչ մի էական բան չի եղել, բացի վավերացումից։ Դրանից բացի Հայաստանի համար էական ոչինչ տեղի չի ունեցել»։


Պատգամավորն ընդգծել է, որ պետք է որոշ ժամանակ անցնի, մինչև Հայաստանը կարողանա անցնել ավելի «բաց և կոշտ քննարկումների հարեւանների հետ»։ «Այս պահին բաց և կոշտ քննարկումները միայն կհանգեցնեն լարվածության աճի»,- ասաց նա։


Արսենյանը նշեց, որ «Շուշիի հռչակագրում» հղում կա 2010 թվականի ռազմաքաղաքական համագործակցության փաստաթղթին, սակայն այս փաստաթղթի ստորագրման պահին գործող իշխանություններն այս փաստաթղթի ստորագրումը դատապարտող որևէ հայտարարություն չեն արել։ Միաժամանակ Արսենյանը հավելել է. «Այս փաստաթուղթը (թվագրված 2010թ.) ապահովել է Թուրքիայի որոշակի միջամտությունը 44-օրյա պատերազմին»։