Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցման կարգից օգտվել է 748 ուսանող. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով սահմանվել է եկամտային հարկի վերադարձի իրավունք՝ աշխատող ուսանողների համար:
ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով: Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2020թ․ հուլիսի 3-ի թիվ 1125-Ն որոշմամբ։
Նշենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում՝ ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:
Օրենսգրքով սահմանված՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի իրավունքից օգտվելու համար ՊԵԿ դիմել է շուրջ 870 ուսանող, որոնցից 748-ին արդեն վերադարձվել է եկամտային հարկի գումարները՝ շուրջ 264 միլիոն դրամի չափով: Մնացած դիմումները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանություններով և մի շարք այլ խնդիրներով պայմանավորված։
Առաջացած խնդրիների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է կրթության ոլորտի լիազոր մարմնին, և վերջինիս կողմից համապատասխան իրավական ակտում փոփոխություններից կամ առկա խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների հստակեցումից հետո, կոմիտեն պատշաճ կերպով կշարունակի իրականացնել ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը։