25.11.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեկնաբանել են Բաքվից եկող վտանգը Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին սպառնում է 7-ից 12 տարվա ազատազրկում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով փետրվարի 15-ի դատական նիստում մեղադրող կողմն ընթերցեց մեղադրական ճառի եզրափակիչ մասը։


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ քրեական օրենսգրքի 311 հոդվածի մաս 4 կետ 2 և 190 հոդվածի մաս 3 կետ 1-ով նախատեսված արարքները:


Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, իսկ Արմեն Գևորգյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։


«Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։


Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները», - նշվում է մեղադրանքի մեջ:


Մեղադրյալներին սպառնում է 7-ից 12 տարվա ազատազրկում։


Ինչպես հայտնում է “Արմենպրեսը”, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ և 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։


Ընդմիջումից վերադառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանն, ի նշան բողոքի, լքեցին դատական նիստերի դահլիճը։ «Ես ընդամենը պահանջում եմ պարզաբանել դատախազի կողմից ընթերցված մեղադրանքը։ Ի նշան բողոքի՝ ես ներկա չեմ գտնվի այսօրվա նիստին։ Առաջին օրվանից այս դատավարությունը ոչ մի ընդհանուր բան չունի դատական պրոցեսի հետ, բացի ինտերիերից», - հայտարարեց պաշտպան Ալումյանը, ինչից հետո Ալումյանն ու Խուդոյանը լքեցին նիստերի դահլիճը։