ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեկնաբանել են Բաքվից եկող վտանգը Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակից՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության՝ 2020 թ. պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության շարունակական պղծման, ձևախեղման և ոչնչացման դեպքերի մասին ահազանգերին:
Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում հույս ունեն, որ փաստահավաք առաքելությունը այդ խնդրի կապակցությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել մոտ ժամանակներում:
«Մենք շարունակում ենք աշխատել 1954 թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Հույս ունենք, որ դա հնարավոր կլինի շուտով, բայց տվյալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան: Ուստի քննարկումները դեռ շարունակվում են», - «Արմենպրես»-ին փոխանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակի աշխատակից Թոմաս Մալարդը:
Պատասխանելով հարցին, թե նկատի ունենալով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Հաագայի դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի վճիռը հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ ինչպե՞ս է կազմակերպությունը գնահատում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կառավարության գործողությունները, այդ թվում վերջերս արված հայտարարությունը, թե Ադրբեջանում ձևավորվել է «մասնագետների» աշխատանքային խումբ, որը իբրև թե «աղվանական եկեղեցիներից» ջնջելու է հայկական գրություններն ու այլ հետքերը, և թե արդյոք պատմության ադրբեջանական մեկնաբանությունը կարո՞ղ է արդարացում լինել կրոնական և այլ հուշակոթողներից հայկական պատմական գրություններն ու այլ հետքերը վերացնելու համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ն շեշտել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական նպատակների համար:
«Մշակութային ժառանգությունը և պատմությունը չպետք է դառնան գործիք քաղաքական որևէ նպատակի համար: Մենք կոչ ենք անում մեր բոլոր անդամ պետություններին ամբողջ աշխարհով մեկ հարգել այս սկզբունքը», - հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
Փետրվարի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում ձևավորվել է «տեղի և արտերկրյա մասնագետներից» կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»: