Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժը, որի էպիկենտրոնը հայ-վրացական սահմանի մոտ էր, Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժեղ ցնցումն էր տարածաշրջանում: Այդ մասին այսօր` փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը:
Նա տեղեկացրեց, որ փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդ է եղել։
«Հետցնցումները բնորոշ են նման երկրաշարժերին», - ասաց մասնագետը` հիշեցնելով, որ նախորդ տարի օգոստոսին նույն էպիկենտրոնում` Ջավախքի ընդարձակման գոտում, տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրը գրանցվել էր 69 հետցնցում, իսկ 40–րդ օրը հետցնցումների թիվը հասել էր 223–ի։
Նրա խոսքով, փետրվարի 13-ին գրանցված 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգինն էր, քանի որ մագնիտուդը բարձր էր, շատերն են զգացել և վախեցել։ «Այս անգամ գրանցվել է 5.2 մագնիտուդ, որը համարվում է չափավոր ուժեղ և շատ հավանական է, որ երեկվա երկրաշարժի հետցնցումները տևեն մի փոքր ավելի »,– ասել է Սարգսյանը։
Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:
Նշենք, որ ուժեղ երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանում և Ադրբեջանում: