23.11.2024
ՀՀ-ն կմասնակցի «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին
prev Նախորդ նորություն

Արցախի իրավապահները «թաքցնո՞ւմ» են հափշտակությունները. դատախազության պարզաբանումը

Արցախի Հանրապետության դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.


"Վերջին օրերին լուրեր են տարածվում այն մասին, որ ԱՀ իրավապահ մարմինների կողմից «քողարկվում» կամ «թաքցվում» են տեղահանված արցախցիներին հյուրատնային ծառայություն մատուցելու գործընթացում տեղի ունեցած հափշտակությունների և պաշտոնեական անփութության ենթադրյալ հանցավոր դեպքերի նախաքննության ընթացքի ու արդյունքների վերաբերյալ տեղեկությունները: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ ներկայացված դեպքերի առնչությամբ հարուցվել է 9 քրեական գործ, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ հրապարակային տեղեկություն էր տրվել ինչպես ԱՀ դատախազության, այնպես էլ քննչական կոմիտեի կողմից:


ԱՀ գլխավոր դատախազը ինչպես այդ հարցով իրեն դիմած պատգամավորներին, այնպես էլ ԱՀ Ազգային Ժողովում պատգամավորի կողմից բարձրացված հարցին ի պատասխան հայտնել էր, որ գործով լրիվ ծավալով նախաքննություն է իրականացվում, որի ընթացքի դանդաղ լինելը պայմանավորված է բացառապես նախաքննական մարմնի գերծանրաբեռնվածությամբ:


Ավելին՝ գլխավոր դատախազը հայտնել էր, որ մինչև հիշյալ քրեական գործերով նախաքննության ավարտը ԱՀ գործադիր իշխանության ղեկավարին է ներկայացվելու գրավոր և հրապարակային հաղորդում գործով վերհանված այն խնդիրների ու թերությունների վերաբերյալ, որոնք ենթակա են անհապաղ վերացման՝ անկախ քրեական գործերի նախաքննության ընթացքից ու ժամկետից:


Հատկանշական է, որ այսօր ԱՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկություն էր հրապարակել հիշյալ քրեական գործերից մեկով անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ինչ վերաբերում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից ԱՀ իրավապահ մարմիններին «դեղին մամուլ» անվանելուն և դրանից հետո դատախազության կամ քննչական կոմիտեի կողմից տվյալ գործերի շուրջ պասիվություն ցուցաբերելու շուրջ ենթադրություններին, ապա դրանք մեղմ ասած անտեղի են, քանզի դրանից հետո պատասխան արձագանք է հրապարակվել նշվածի առնչությամբ, տեղեկություններ են հրապարակվել նոր գործերի հարուցման վերաբերյալ, օրենսդիր մարմնում գլխավոր դատախազը ներկայացրել էր հրապարակային հավաստում:


Եթե իրականում ձևավորվել էր իրավապահ մարմինների կողմից նման հայտարարությանն առավել սուր կամ ակտիվ արձագանքելու սպասում կամ ակնկալիք, ապա հարկ ենք համարում նշել, որ «Դատախազության մասին» ԱՀ օրենքի 71-րդ հոդվածն ամրագրում է դատախազի վարքագծի կանոնները, որոնց համաձայն դատախազը պարտավոր է լինել անաչառ, անկախ լինել կողմնակի ազդեցություններից, ազատ լինել քննադատվելու մտավախությունից, լինել օրինապահ, զուսպ, ուրիշի կարծիքը լսող, հարգող և այլակարծությունը հանդուրժող:


Հավատարիմ մնալով դատախազի վարքագծի թվարկված կանոններին, հավաստիացնում ենք, որ բացակայում է այդ և այլ քրեական գործերով դատախազական լիազորությունները պատշաճ իրացնելու որևէ խոչընդոտ",- ասված է հայտարարության մեջ: