25.11.2024
Իշխանափոխության համար կա պարարտ հող. Արմեն Աշոտյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արայիկ Հարությունյանը նորից խոսել է հեռանալու մասին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 29-ին Արցախի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադրման 17-ամյակի հավաքին կուսակցության հիմնադիր, պատերազմից հետո անդամությունը դադարեցրած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր համախոհներին ասել է՝ նրանք, ովքեր իր համար են անդամակցել կուսակցությանը, այսօրվանից ազատ են, քանի որ ինքը քաղաքական պլաններ չունի եւ սահմանադրական փոփոխություններից հետո հեռանալու է քաղաքականությունից։ Այս հայտարարությունը քաղաքական դաշտում ընդունել են ոչ միանշանակ։ Շատերը հիշում են, որ պատերազմից հետո, երբ պահանջում էին նրա հրաժարականը, նեղ վիճակում հայտնված Հարությունյանը հրապարակային հայտարարություն արեց՝ խոստացավ հեռանալ, իսկ մինչ այդ՝ լայն համագործակցություն ձեւավորել, բոլոր որոշումներն ԱԽ-ի, այսինքն՝ Վիտալի Բալասանյանի հետ համաձայնեցված կայացնել։ Սակայն հենց ոտը պնդացրեց, մոռացավ։ Հիմա նորից նրա շուրջ օղակը սեղմվել է, մի կողմից՝ Փաշինյանն է ուզում ազատվել, մյուս կողմից՝ սահմանադրական փոփոխությունների գործընթաց է գնում, եւ Արայիկ Հարությունյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, ըստ արցախյան աղբյուրների, ժամանակ շահելու նպատակ ունի։ Զուգահեռ, լուրեր են տարածում, որ Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետն են քաղաքական նոր ուժ ձեւավորում, որպեսզի առաջիկա արտահերթ ընտրություններին իշխանություն վերցնելու հայտ ներկայացնեն։ Խոսքը Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի, ինչպես նաեւ Լեւոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի եւ մյուսների մասին է։ Ըստ մեր աղբյուրի՝ նրանք հանդես չեն գալու իրենց դեմքով։ Արդեն սկսվել են քաղաքական կոնսուլտացիաները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը որոշել է նախագահի թեկնածու չառաջադրել: Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո սկսված տեւական քննարկումների արդյունքում հաղթել է ընդդիմության այն թևը, որը միշտ կողմ է ոչինչ չանելուն, որ իրենց իբր չմեղադրեն իշխանության առաջ քաշած օրակարգերը լեգիտիմացնելու համար։ Մասնավորապես` չառաջադրելու կողմնակից են եղել Անդրանիկ Թևանյանն ու Արթուր Ղազինյանը: Եվ անգամ այն փաստարկը, որ դա հնարավորություն կլինի ամբիոնն օգտագործելու և իշխանական թեկնածուի սնանկությունը ցույց տալու, դեր չի խաղացել: Այսօր երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ նման հնարավոր հանգուցալուծման մասին, սակայն կառուցողական թեւից վստահեցնում էին՝ կկարողանան համոզել, որ այս տրամաբանությամբ անիմաստ է մնալ խորհրդարանում եւ պետք է վայր դնել մանդատները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի նախագահի իշխանական թեկնածուն ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանն է: Նա, հիշեցնենք, նախարարի պաշտոնը թողնելուց հետո՝ անցած տարվա ապրիլից, գործազուրկ էր։ Պալատի հեռացող նախագահ Լեւոն Յոլյանը հունվարի 20-ին` դիմում գրելու հաջորդ օրը, մեզ հետ զրույցում ասել էր, թե տեղը զիջում է թարմ, երիտասարդ ուժերի, եւ անգամ ենթադրել էր, որ կնշանակվի ՔՊ-ական նախկին պատգամավոր, պալատի անդամ Եղիշե Սողոմոնյանը: Սակայն պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հներից ժառանգություն մնացած Ատոմ Ջանջուղազյանն է։ Թե ինչու են որոշել ՀՀԿ-ի գլխավոր գանձապետին նշանակել Հաշվեքննիչի նախագահ, փորձեցինք լսել անձամբ Ջանջուղազյանից: Ասաց՝ «երբ պահը հասունանա» հարցերին պատասխանելու, կխոսի, առայժմ գերադասում է լռել: Փորձեցինք ճշտել՝ ճի՞շտ են այն լուրերը, թե իր թեկնածությունն առաջ է հրում պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, ում հետ նրան տեսնում են տարբեր սրճարաններում։ Ջանջուղազյանը կորցրեց ինքնատիրապետումը․ «Կներեք, իսկ Դուք ինչի՞ հիման վրա եք զանգել իմ անձնական հեռախոսին, այսօր Դուք իրավունք եք Ձեզ վերապահել զանգել ինձ անձնական համարով եւ հիմա էլ ինձ չգիտեմ ինչ եք անում»: Բացատրեցի, որ իրեն ոչինչ չեմ անում, ընդամենը հարց եմ տալիս։ «Այսուհետ այս հեռախոսահամարից չօգտվեք Դուք»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը մոլի իմքայլական է, բայց անկուսակցական է։ Երեք տարի է՝ նա, օգտվելով ՔՊ-ի բարիքներից, չի անդամագրվել կուսակցությանը։ Առաջարկ կամ պահանջ չի՞ եղել, որ դառնաք ՔՊ անդամ։ Ասաց՝ ո՛չ առաջարկել են, ո՛չ էլ պահանջել։ Իսկ Ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջացել։ «Առաջացել է»։ Ե՞վ։ «Եվ… էդ հարցը չեմ մեկնաբանի… Դեռ դիմում չեմ գրել, բայց առաջիկայում կտեսնենք՝ ոնց կստացվի»։ Հիշեցրինք, որ Հայկ Մարությանն էլ էր անկուսակցական, հետո դարձավ ՔՊ անդամ, իսկ պատերազմից հետո դուրս եկավ։ «Դե, դրա համար մարդ պետք ա ստաբիլ լինի։ Եթե ես իմ քայլն անեմ, վերջնական եմ անելու»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը գոհ է իր իսկ նախագահի թեկնածու Վահագան Խաչատուրյանին առաջադրելու որոշումից: Կուսակցության ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գոհունակությամբ նշեցին, որ կարողացել են բոլորի համար քիչ թե շատ ընդունելի ու ընկալելի թեկնածու առաջադրել: Ի տարբերություն ՔՊ կուսակցության՝ խորհրդարանական համանուն խմբակցության անամները, սակայն, մեծամասամբ հրաժարվում են Խաչատուրյանի մասին կարծիք հայտնել: Երկու օր անընդմեջ «Ժողովուրդ» օրաթերթը ջանքեր գործադրեց՝ իմանալու համար ՔՊ-ական պատգամավորների կարծիքը հանրապետության ապագա նախագահի մասին, բայց ապարդյուն: Իշխող խմբակցության անդամներն ամենատարբեր պատճառաբանություններով ՀԱԿ արդեն նախկին անդամի մասին ո՛չ լավը, ո՛չ էլ վատն ասել չեն ցանկանում: Տպավորություն է, թե ՔՊ-ականներն այդքան էլ համաձայն չեն նրա թեկնածությանը, պարզապես սուսուփուս, առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակաճառելու համաձայնել ու առաջադրել են նրա թեկնածությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կուսակցության վարչության կազմը որպես վարչապետի թեկնածու քննարկել է նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի, ինչպես նաեւ մի քանի կանանց թեկնածությունը: Սակայն ՔՊ խմբակցությունը ոչնչից տեղյակ չի եղել. վերջում հայտնել են կայացված որոշման մասին: Ի դեպ, նախագահի պաշտոնի համար դիտարկվող կանայք եղել են թե՛ իշխանության ներսից, թե՛ ՔՊ-ի հետ կապ չունեցող անձինք: Հավելենք, որ նախագիծն արդեն մուտք է արվել խորհրդարան, սակայն քննարկման օրը դեռ հայտնի չէ: Սահմանադրությանը հղում անելով՝ նշենք, որ այն կքննարկվի փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած հատվածում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին հարմար փոխարինող չեն գտնում, եւ դա է պատճառը, որ ուշանում է պաշտոնանկությունը։ Չնայած նախատեսված էր ՏԻՄ ընտրությունները տապալած մարզպետներին պաշտոնանկ անել, եւ առաջիններից մեկը պետք է լիներ Սյունիքի մարզպետը, ում ղեկավարած մարզում միայն Տեղ համայնքում է ՔՊ-ն հաղթել, սակայն Արարատի, Արագածոտնի մարզպետներին տարեսկզբին հրաժեշտ տվեցին, իսկ Պողոսյանը շարունակում է աշխատել։ Նիկոլ Փաշինյանն ուզում է Պողոսյանին փոխարինել կամային, մարզը բռում պահելու ունակ մեկով, սակայն այդպիսին չի գտնում։ Քննարկվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի թեկնածությունը, բայց, ինչպես մեզ ասացին, «ճամբարափոխին» էլ մարզում չեն ընդունում։ Ի դեպ, անցած տարվա նոյեմբերի 16-ին՝ Սիսիանում ադրբեջանցիների սադրանքի օրը, Համբարձումյանը մեծ խնջույք էր կազմակերպել: Երբ Սիսիանի համայնքապետ Կարեն Հակոբջանյանին տեղեկացրել են հակառակորդի հարձակման մասին, վերջինս պատասխանել է, որ ավելի ուշ կլինի քաղաքում` մասնակցում է պատգամավոր Համբարձումյանի ծննդյան խնջույքին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ տարի առաջ ճաշած դատավորին ուզում են նոր ստեղծվելիք պալատի նախագահ դարձնել: Բանն այն է, որ 2022 թվականի հունվարի 17-ին ԱԺ նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական եւ վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ: Ու մինչ ԱԺ-ն այս մասով որոշում կկայացնի, ՀՀ վճռաբեկ դատարանում դեռեւս չստեղծված պալատի նախագահի նշանակման շուրջ «գզվռտոց» է սկսվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պալատի նախագահի իշխանության թեկնածուն Վճռաբեկի դատավոր Հովսեփ Բեդեւյանն է, սակայն նախագահի պաշտոնի համար այլ դատավորներ եւս պայքարում են: Ավելին, անգամ քաղաքական իշխանությունը գտել է, թե ով պետք է դառնա Քաղաքացիական պալատի նախագահ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանց թեկնածուն Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանն է, որը դեռեւս անցած տարի եղել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ Այն ժամանակ դեռեւս դատավորի թեկնածու հանդիսացող Մկրտչյանը ճաշել էր Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները։ Եվ, ահա, ճաշելու արդյունքում մեկ տարի անց նրան նախագահ են ուզում դարձնել»:


«Իրավունք» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ կառավարության նիստից հետո խուսափողական պատասխան տվեց, թե, ի վերջո, ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանը: Նա մասնավորապես նշեց, թե ծառայողական քննություն էր սկսվել, որի հիմք էր ծառայել մի շարք հարցեր, որոնք պետք է պարզաբանվեր. «Ծառայողական քննության ընթացքում այդ հարցերի շրջանակում որոշում կայացվեց տալ խիստ նկատողություն եւ արդյունքում աշխատանքից ազատել: Բավականին լայնածավալ էին այն հարցերի շրջանակը, որը մեր կողմից μարձրացվել էր նրա պաշտոնավարման ընթացքում՝ որոշակի խախտումների մասով: Այսքանը կարող եմ ասել»: Մինչդեռ այն, ինչ չի կարող ասել Անահիտ Ավանեսյանը, առավել հետաքրքրական է եւ ուշագրավ ու բոլորովին չի խոսում իր օգտին: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, վերոնշյալ ծառայողական քննությունը վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության կողմից «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի մշտադիտարկման վերաբերյալ» ուսումնասիրությանը: Արդյունքում պարզվել է, որ պետական գումարները բաշխելիս խտրականություն է դրվել բուժհաստատությունների միջեւ, որտեղ գործել է խնամի-ծանոթ-բարեկամ «ճկուն» համակարգը, ինչն առաջացրել է բազմաթիվ բուժհաստատությունների վրդովմունքը:


Հատկանշական է, որ առնվազն առերեւույթ կոռուպցիոն սխեմայի տպավորություն թողնող այս «մախինացիայի մեջ» առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներգրավել է ՊԱԳ պետի տեղակալ Գարուշ Այվազյանին, որը որեւէ լիազորություններ փաստացի չուներ համակարգելու եւ կատարելու գումարների բաշխման եւ վերաբաշխման գործառույթ, ավելին՝ նա այդ ամենն իրականացրել է ստորաբաժանման աշխատակիցների թիկունքի հետեւում, ինչպես նաեւ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին, որն արդեն իսկ քրեական գործով է անցնում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Ըստ էության, ՊՎԾ ուսումնասիրության արդյունքներից տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, իսկ թե ինչո՞ւ է հապաղում Անահիտ Ավանեսյանին ցույց տալ նախարարությունից հեռանալու ելքը, թերեւս սա է հարցերի հարցը: Չէ՞ որ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր. «Եթե ես կոռուպցիայի մեջ ներգրավվեմ, թող ինձ կախաղան հանեն Հանրապետության հրապարակում»: Այսպիսով՝ Փաշինյան Նիկոլը կդառնա Ավանեսյանի «մեղսակի՞ցը», թե՞ այդուհանդերձ «փուռը կտա» վերջինիս, ցույց կտա ժամանակը: Միայն թե Անահիտ Ավանեսյանի ինքնավստահությունը հուշում է, որ ինքն այս թեմայում բոլորովին էլ «մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ», միգուցե հենց դրա համար էլ նրան դեռ հանդուրժում են նախարարի պաշտոնում: Իսկ ինչո՞ւմ էր, վերջիվերջո, մեղավոր Ծաղիկ Վարդանյանը, թերեւս նրանում, որ վերոնշյալ կոռուպցիոն սխեմայից ոչ միայն անտեղյակ է եղել, այլեւ բարձրաձայնել է այդ մասին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ 41 համարի եւ 67 համարի երթուղայինները չեն աշխատում: Առավոտյան Ներքին Չարբախից եւ Չարբախից աշխատավայր, համալսարան կամ դպրոց գնալը դարձել է իսկական պատուհաս: Սկզբում լուրեր էին շրջանառվում, թե փետրվարի 1-ից նախկին երթուղիների փոխարեն կլինեն նոր ավտոբուսներ, հիմա դրա մասին էլ խոսակցություններ չկան: Առավոտյան մարդիկ ստիպված են լինում մի քանի կանգառ ոտքով գնալ եւ մի քանի երթուղի փոխելով` մի կերպ հասնել A կետից B կետ: Փաստորեն, այս իշխանության կողմից հռչակված «հուսահատության գազելիներին» փոխարինելու եկավ հուսահատությունը` առանց գազելների: Իսկ թե ի՞նչ է մտածում այս մասին Երեւանի քաղաքապետարանը, կներկայացնենք առաջիկա համարներից մեկում»: