ԵԽԽՎ նախագահին ներկայացվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման խնդիրը
Այսօր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոկսին։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանը Եվրոպայի խորհրդում» ֆեյսբուքյան էջից։
Շնորհավորելով Թինի Քոկսին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Խաչատրյանն ընդգծել է ԵԽԽՎ կարևոր առաքելությունը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման հարցերում՝ որպես քաղաքական քննարկումների համաեվրոպական հարթակ։
Առանձնանշվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևի կարևորությունը, որով վերահաստատվել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության զարգացման հարցում։
Այս համատեքստում կարևորվել է, որ նույն բանաձևում Վեհաժողովը վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհրաժեշտությունը։
Դեսպան Խաչատրյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները՝ այդ թվում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը։ Կարևորվել է ԵԽԽՎ շարունակական դերակատարությունը այս խնդիրների բարձրաձայնման և կարգավորման ուղղությամբ։