25.11.2024
«Հայաստան» դաշինքի պատգամավորները հրատապ հանդիպում են ունեցել ԵՄ դեսպանի հետ
prev Նախորդ նորություն

Անվտանգության գոտու ձևավորումը կենսական անհրաժեշտություն է. Թագուհի Թովմասյան

Անվտանգության գոտու ձևավորումը կենսական անհրաժեշտություն է հատկապես սահմանամերձ գոտու բնակիչների համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ ամփոփելով Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղեր կատարած իր այցի արդյունքները։


Նրա խոսքով, մինչև անվտանգության գոտու ձևավորումը հայկական կողմը չպետք է առաջ շարժվի Ադրբեջանի հետ բանակցություններում: «Մարդիկ իրավունք ունեն իրենց հողի վրա ապրել անվտանգ պայմաններում», - հայտարարեց Թովմասյանը:


Պատգամավորը բազմաթիվ դժվարությունների օրինակներ է բերել, որոնց այսօր արդեն բախվում են նշված գյուղերի բնակիչները։ Այսպես, հաճախ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացում, իսկ երբեմն էլ լուսարձակներ են տեղադրում գիշերային ժամերին եւ լուսավորում գյուղացիների բնակելի տները՝ դրանով իսկ ենթարկելով նրանց տեռորի, հայտնել է նա։


Նորապատ գյուղում մարդիկ բախվել են նաև ջրի խնդրի, քանի որ ջրի աղբյուրները հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Ուստի գյուղացիները ստիպված են ջուր բերել այլ բնակավայրերից։ Կութ գյուղում սոցիալական ընդհանուր ծանր իրավիճակի և գործազրկության ֆոնին գյուղացիները զրկվել են անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից, քանի որ արոտավայրերը նույնպես անցել են ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ:


«Ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ մեթոդներն ու ահաբեկումները պետք է արժանանան միջազգային հանրության համապատասխան արձագանքին։ Ես արդեն պատրաստել եմ նամակներ իմ միջազգային գործընկերներին եւ ընդհանրապես, յուրաքանչյուր այցելությունից ես տեղեկացնում եմ նրանց կատարվող իրադարձությունների մասին», - հայտարարել է Թովմասյանը: