VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ՔՊ վարչության նիստում առաջադրված թեկնածուները մի քանիսն են եղել, այդ թվում՝ ինքը: «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները հինգն են եղել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և մեկ կին թեկնածու՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ալեն Սիմոնյանը ինքնաբացարկ է հայտնել, ինչի մասին հայտարարել էր հենց ինքը՝ նախագահի ԺՊ-ն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանի թեկնածությանը դեմ է եղել քպականների մեծ մասը, Արամ Սարգսյանի թեկնածությունը առանձնապես շատ չի էլ քննարկվել, նշվել է, որ նրա անձի նկատմամբ Ռուսաստանում խնդիրներ կարող են լինել: Թե ինչու չեն ընտրել միակ կին թեկնածուին, առայժմ պարզել չհաջողվեց: Ի վերջո, ընտրվել է այն թեկնածուն, որի առումով Փաշինյանն արդեն որոշում է կայացրած եղել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկարատեւ փնտրտուքներից ու տարբեր անուններ շրջանառելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վերջապես գտել է արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանին փոխարինողին։ Կուսակցության վարչությունը հաստատել է որպես նախագահի թեկնածու առաջադրել Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Վահագն Խաչատրյանն այդ պաշտոնում ամենայն հավանականությամբ սոսկ տեղապահ է լինելու։ «Ինչպես գիտեք, կառավարությունն արդեն իսկ լծվել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործին: Դատելով ստացվող տեղեկություններից եւ վերլուծություններից՝ պետք է ասել, որ ձեւավորված սահմանադրական փոփոխությունների խորհրդի առջեւ խնդիր է դրված երկրի կառավարման մոդելի փոփոխություն կազմակերպել՝ խորհրդարանականից, ըստ երեւույթին, նախագահական կամ կիսանախագահական համակարգի անցնել։ Սա նշանակում է, որ ՀՀ նախագահի պաշտոնում ենթադրաբար ընտրվող Խաչատրյանը նախագահի աթոռը կզբաղեցնի այնքան ժամանակ, քանի դեռ դրա իրական հասցեատերը չի հայտնվել՝ նոր կոստյումով ու առավել ընդգրկուն լիազորություններով»,- նշեց պատգամավորը։ Հավելենք, որ, ըստ քաղաքագետների ու վերլուծաբանների, սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Հայաստանը կանցնի կառավարման նախագահական կամ կիսանախագահական մոդելի սեփական իշխանության անցնցում վերարտադրության համար, այդ պաշտոնը Նիկոլ Փաշինյանին կանցնի»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արմեն Սարգսյանի հրաժարականից սկսած՝ ԱԺ ընդդիմությունը նախագահի թեկնածուի հարցն է քննարկում։ Սկզբում հակված էին առհասարակ թեկնածու չառաջադրելուն, քանի որ իշխանական մեծամասնության պարագայում դա ձեւական առաջադրում է լինելու։ Սակայն քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ չի կարելի առանց այլընտրանքի թողնել խորհրդարանը, դա լավ շանս է՝ երկրի խնդիրների մասին խոսելու, պայքարի նոր փուլ սկսելու, լուրջ թեկնածուով հանդես գալու։ Ասացին, որ բազմաթիվ թեկնածուներ են դիտարկել։ Ոմանք չեն ընդունել առաջարկը՝ վախեցել են թիրախավորվել իշխանության կողմից։ «Հայաստան» դաշինքում հակված են Վահագն Խաչատրյանին համազոր թեկնածու առաջադրել՝ նույն ժամանակաշրջանի գործիչ, հանրային դեմք, նախկինում պաշտոն զբաղեցրած, որն ընդունելի կլինի մտածող մարդկանց համար, եւ նրա ֆոնին կերեւա իշխանական թեկնածուի անսկզբունքայնությունը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արմեն Սարգսյանի՝ հանրապետության նախագահի պաշտոնից ազատվելուց հետո նախագահի աշխատակազմում ազատումների շքերթ է սկսվել։ Անմիջապես հրապարակվեց, որ դիմում է գրել նաեւ աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։ Էլի մարդիկ են դիմումներ գրել, մյուսները կգրեն առաջիկայում՝ նոր նախագահի ընտրությունից հետո։ Տարասյանին հետեւել են նախագահի երկու խորհրդականները։ Դիմումներ են գրել նաեւ Տարասյանի հետ էկոնոմիկայի նախարարությունից նախագահական տեղափոխված մի խումբ անձինք։ Այսպես․ հունվարի 27-ին հանրապետության նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած Ալեն Սիմոնյանի հրամանագրով նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվել է Ռուբեն Կարապետյանը, փետրվարի 1-ին՝ խորհրդական Արմեն Գիչյանը։ Սակայն քանի որ նախագահականում աշխատողների միջին աշխատավարձը մոտ 800 հազար դրամ է, կարծում ենք՝ այս հաստիքները երկար թափուր չեն մնա, առաջիկայում արագորեն կհամալրվեն ՔՊ-ականներով եւ ՔՊ-ականների խնամի-բարեկամ-ծանոթներով։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում է կայացրել Երևանի «կառավարումը» հանձնել Տիգրան Ավինյանին: Ընդ որում, խոսքը ոչ միայն առաջիկայում սպասվող ավագանու ընտրությունների ժամանակ ՔՊ ցուցակը գլխավորելու, ապա և քաղաքապետ դառնալու մասին է, այլ նաև մինչ այդ ղեկն իր ձեռքը վերցնելու: Այսպիսով, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կվերածվի յուրատեսակ «անգլիական թագուհու», քանզի ի պաշտոնե առայժմ մնալով քաղաքապետ՝ փաստացի որևէ ազդեցություն ու լծակ չի ունենա, իսկ քաղաքի իրական կառավարիչը կլինի հենց Ավինյանը: Քաղաքապետարանում ու կառավարությունում տարածված կարծիք կա, որ Հրաչյա Սարգսյանը պատժվում է իր ղեկավարին՝ Հայկ Մարությանին «գցելու» և արագորեն քաղաքապետի պաշտոնը ստանձնելու համաձայնություն տալու համար: Այս հանգամանքը, որքան էլ ձեռնտու էր Փաշինյանին, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, անվստահություն է առաջ բերել Սարգսյանի հանդեպ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներն ահազանգում են, թե Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում հակառուսական տրամադրություններով, որոնք, ըստ տարբեր հարցումների, հատկապես աճել են պատերազմից հետո։ Այդ նպատակով Ռուսաստանից փորձագետների խումբ է ժամանել Հայաստան՝ իշխանական տարբեր շրջանակների հետ առնչություն ունեցողներ, լրագրողներ։ Վերջին օրերին ինտենսիվ հանդիպումներ են ունենում հայաստանյան ռուսամետ հատվածի ներկայացուցիչների հետ, քննարկում են հայ-ռուսական հարաբերությունները բարելավելու, հակառուսական տրամադրությունները մեղմելու հարցեր։ Սակայն տեղեկություններ կան, որ այդ հանդիպումների ընթացքում հընթացս պրոպագանդվում է նոր միութենական պետության գաղափարը, եւ հայաստանյան գործիչներին հորդորում են այդ ուղղությամբ պրոպագանդա իրականացնել։ Հանդիպում է սպասվում նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ, փետրվարի 4-ին կլոր սեղան-քննարկում է նախատեսված, որի ընթացքում կարծարծվեն երկկողմ փոխհարաբերությունների սերտացման, համագործակցության հարցեր։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դատավորները մտահոգված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման փաստով։ Թեպետ դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար բավարար է 54-65 դատավորի համաձայնություն, սակայն երեկ արդեն 67 դատավորի ստորագրություն էր հավաքվել։ Արտահերթ ժողով անցկացնելու միջնորդություն են ներկայացրել վճռաբեկ դատարանի նախագահին, որպեսզի նա հրավիրի։ Պահանջում են քննարկման դնել դատական իշխանության եւ դատավորների նկատմամբ ճնշումների հարցը։ Հիշեցնենք, որ օրերս Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը եւ համաձայնություն տվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու կալանավորելու համար։ Դրա հիմքն «ակնհայտ ապօրինի կալանավորման որոշումն» է, որը չի բողոքարկվել դատախազության կողմից: Իրականում Բախշիյանը հայտնվել է իրավապահների «տեսադաշտում» ամիսներ առաջ, երբ կալանավորման որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկի նկատմամբ։ Նրա հանդեպ առավել սեւեռվել են, երբ Աշոտ (Երկաթ) Մինասյանի կալանքը փոխել է գրավով։ Բայց, չգիտես ինչու, ոչ մի պատիժ չսահմանվեց այն դատավորների նկատմամբ, որոնք երկար ամիսներ կալանքի սանկցիաներ էին տալիս ԱԺ պատգամավորներ Արմեն Չարչյանի, Արթուր Սարգսյանի եւ Մխիթար Զաքարյանի նկատմամբ, որոնց ապօրինի լինելն արդեն իսկ հաստատված է Սահմանադրական դատարանի որոշմամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողներին համաներելու գործընթացը նորից սկսվել է։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ այդ հարցի շուրջ քննարկումներն իրավապահ համակարգում նորից մեկնարկել են։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարծում են, որ խիստ անհրաժեշտ է համաներման գործընթացը` քրեական գործերի թեթեւացման համար: Արդյունքում իրավապահ համակարգում այս հիմնավորմամբ սկսվել է զինվորականների համաներման նախագծի նոր քննարկում, նոր լրացումներ են կատարվում հին տեքստի վրա, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր նախագիծը կտեղադրվի էլեկտրոնային նախագծերի միասնական հարթակում: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն նման նախագիծ առաջարկել էր 2021 թվականի օգոստոսին։ Այն տեղադրվել էր այդ հարթակում, սակայն ավելի ուշ գործընթացը կասեցվել էր։ Հիմա կփորձեն կրկին համաներում անել, տեսնենք` այս գործընթացն ինչով կավարտվի։ Թեեւ վիճակագրություն չի նշվում ու հայտնի չէ, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվի համաներումը, բայց նախագծում նշվում է, որ կհամաներվեն ինչպես մինչեւ պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչեւ մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2 մլրդ 150 մլն դրամ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը: Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե անհրաժեշտ գումարը ուղղվելու է վարակիչ հիվանդության՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման եւ հաղթահարման ապահովման նպատակով իրականացված միջոցառուների ծախսերի իրականացմանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե գումարը ինչի վրա է ծախսվելու: Մասնավորապես, 590 մլն դրամ ուղղվելու է վերապրոֆիլավորված ԲԿ-ների հունվար ամսվա պահպանման ծախսերին, 490 մլն դրամ՝ ԲԿ-ների աշխատակիցների աշխատավարձին։ Իսկ միայն 1 մլրդ դրամ ուղղվելու է Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումներ իրականացնող բուժանձնակազմի լրավճարի համար։ Հավելենք, որ ընթացիկ ամսում ՀՀ-ում վերապրոֆիլացված բժշկական կենտրոնները, ըստ նախագծի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը», «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը», Սպիտակի եւ Կապանի բժշկական կենտրոններն են: Այսինքն՝ կորոնավիրուսից չվախենալու, այն պինցետով եւ օղիով ախտահանելու խոստում տված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այժմ միայն հունվար ամսվա ծախսերի համար 2 մլրդ դրամ է փոխանցելու հենց այդ վարակի դեմ պայքարելու նպատակով: Բայց նկատենք, որ միայն չորս հիվանդանոցների վրա է բաշխվելու 2 մլրդ 150 մլն դրամ գումարը։ Թե ինչպես են ծածկվելու մյուս հիվանդանոցների ծախսերը, նախագծում խոսք չկա»: